Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը մշտապես աջակցելու համար»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը մշտապես աջակցելու վճռականության համար»։
«Ադրբեջանը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ինտեգրված և ներառական մոդելի կառուցման կողմնակիցն է՝ հիմնված նոր աշխարհաքաղաքական իրողությունների և արդարության վրա, առանց որևէ բաժանարար գծի»,- նշվել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին ուղղված Ալիևի շնորհավորական նամակում Անկախության օրվա առիթով։
«Ադրբեջանը՝ որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և հինգ սկզբունքների նախաձեռնող, որոնք կազմում են դրա հիմքը, մշտապես ցուցադրում է քաղաքական կամք խաղաղության օրակարգի առաջմղման համար։ Մենք գնահատում ենք ԱՄՆ վճռականությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»,- նշված է շնորհավորանքում։
Հիշեցնենք, որ տառացիորեն երկու օր առաջ Ալիևը նոր պահանջներ էր ներկայացրել Հայաստանին՝ հայտնելով, որ եթե չփոխվի Հայաստանի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիր չի լինի։
News.am