«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կսկսվի աշնանը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կարող է սկսվել աշնանը` սեպտեմբերի կեսերին: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

«Հիմա ընդդիմադիր շարժումը բավական ինտենսիվ աշխատանք է կատարում նոր կառույցներ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սկզբնական փուլում շատերը հույս ունեին, որ շարժումը կգործի բլիցկրիգի ռեժիմով, և առաջնորդներին կոչ էին անում արմատականացնել իշխանության դեմ ընդդիմության պայքարի մեթոդները: Սակայն դա տեղի չունեցավ։

Շարժումն այժմ գտնվում է վերաձևավորման, ինստիտուցիոնալիզացիայի, ավելի հստակ քաղաքական օրակարգի սահմանման, կադրային թարմացման փուլում: Փորձագետի գնահատմամբ՝ ընթանում են նոր փուլի նախապատրաստական աշխատանքները։

Անդրադառնալով Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, Հակոբյանը բազմաթիվ տարբերություններ նշեց:

Հայաստանում քաղաքական իրադարձությունները սկսեցին զարգանալ լոկալ մակարդակով և ավելի շուտ հանրային ընդվզում էին իշխանությունների քաղաքականության դեմ, մասնավորապես՝ տարածքային զիջումների և Ադրբեջանին չորս հայկական գյուղերի հանձնման դեմ։ Եվ սկզբում այդ գործընթացը կոնկրետ քաղաքական օրակարգ չուներ։

Հետագայում «խռովությունը» մեծացավ, դրան միացան նոր քաղաքական ուժեր։ Այս ամենը վերածվեց մայրաքաղաքում բազմաթիվ հանրահավաքների, ինչպիսիք վաղուց չէին եղել, և աստիճանաբար շարժումը լցվեց քաղաքական օրակարգով։

«Ամեն ինչ սկսվեց Հայաստանի մարզերից մեկի՝ Տավուշի պաշտպանությունից և անվտանգության ապահովումից։ Հիմա շարժման գլխավոր կարգախոսը ամբողջ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ Լոկալ, հասարակական ընդվզումից շարժումը վերաճեց ավելի լայն հասարակական-քաղաքական գործընթացի»,-ասաց Հակոբյանը։

Sputnik Արմենիա