Վրաստանում ԵՄ դեսպան․ Դադարեցվել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը
ԵՄ երկրների ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, քանի որ պաշտոնական Թբիլիսիի մտադրությունները անհասկանալի են Եվրամիության ղեկավարների համար։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը ակնհայտորեն հետքայլ է ինը քայլերի համեմատ: Բացի այդ միանգամայն անհամատեղելի է հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը Եվրամիությանն անդամակցելու հռչակված նպատակի հետ։ Ցավոք, ներկայումս Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը կասեցված է։ Սա իսկապես տխուր է և սրտաճմլիկ»,- ասել է դեսպանը:
Գերչինսկին հույս է հայտնել, որ «հոկտեմբերի ընտրություններից հետո նոր ձևավորված կառավարությունը, ով էլ ձևավորի այն, կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ»։
Նրա խոսքով, ԵՄ-ն սառեցրել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարությանը հատկացված 30 միլիոն եվրոն։
«Հրապարակ»