ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդ. Վրաստանի ղեկավարությունը գնացել է ոչ ճիշտ ուղղությամբ

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական ուղղության ավագ տնօրեն Մայքլ Կարպենտերը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գնացել է ոչ ճիշտ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ Վրաստանի կառավարությունը խելքի կգա, տեղեկացրել է SOVA-ն։

«Անկեղծ ասած, երբ մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության ճնշումներ, երբ մենք տեսնում ենք, որ կիրառվում են օրենքներ, որոնք սահմանափակում են տարածքը Վրաստանում հիմնարար ազատությունների համար»։

Դա անհամատեղելի է այն արժեքների հետ, որոնք ընկած են ՆԱՏՕ դաշինքի հիմքում և, անկեղծ ասած, մենք չենք կարծում, որ դա համատեղելի է եվրատլանտյան ինտեգրման հետ ընդհանրապես, ներառյալ ԵՄ-ը»,- ասել է Կարպենտերը։

«Ակնհայտ է, որ վերջին մի քանի ամիսներին, ցավոք, Վրաստանի կառավարությունը գնացել է ոչ ճիշտ ուղղությամբ եվրատլանտյան ինտեգրման տեսակետից»,- նշել է նա։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը վաղուց աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, նա նշել է, որ ԱՄՆ-ը մասնակցել է Ժնևի միջազգային բանավեճերի ավելի քան 60 փուլերին՝ ի աջակցություն Վրաստանի։

«Ուստի, անկեղծ ասած, մենք հետևում ենք այլ ուղղությամբ ընթացող այդ շարժմանը որոշ անհանգստությամբ և տխրությամբ։ Եվ այսպես, մենք հուսով ենք, որ կտեսնենք Վրաստանի կառավարության ռազմավաական գծի փոփոխություն»,- նշել է Մայքլ Կարպենտերը, որի հայտարարությունը հրապարակել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն Х-ի պլատֆորմում։

Նշենք, որ Վաշինգտոնը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայում։

Հուլիսի 5-ին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Վաշինգտոնը հետաձգել է «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները Վրաստանի համար «անորոշ ժամանակով», պաշտոնական Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման հիման վրա։

News.am