Արմինե Հայրապետյան․ Արցախի տարածքում թողել ենք 6000-ից ավելի հուշարձաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի տարածքում մենք թողել ենք 6 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ, որոնք այսօր ֆիզիկական ոչնչացման, նաև իսլամացման վտանգի տակ են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից Արմինե Հայրապետյանը:
«Սա այն քաղաքականությունն է, որ Ադրբեջանը սկսած 1920-ականներից իրականացնում է էթնիկ զտումներին զուգընթաց: Հիմա, երբ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախի տարածքը, հիմա էլ հայկական հետքի վերացման խնդիրն է լուծում: Նա ոչնչացնում է հայկական հոգևոր շինությունները, արդեն ունենք 3 եկեղեցի հիմնահտակ ավերված՝ առաջինը Ջրականի Մեխակավանի Սուրբ Աստվածածաին եկեղեցին էր, բերձորի եկեղեցին և Շուշիի հովհաննես Մկրտչի եկեղեցին է, որը հայտնի է Կանաչ ժամ նունով, որ հիմնահատակ ավերվել է: Եթե առջին երկուսի դեպքում Ադրբեջանը հայտարարում էր, որ դրանք նոր են կառուցվել, ապօրինի են կառուցվել իր տարածքում, ապա Հովհաննես Մկրտչի եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում: Զանգվածաբար վերացվում են գերեզմանոցներ, բնակավայրեր, օրինակ, Քարին Տակ գյուղը: Արցախի տարածքն ազատվում է հայկական շնչից»,-ասաց նա:
Նշվեց նաև, որ ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված նամակ են պատրաստել, որտեղ նշել են հենց Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, որպեսզի ՄԱԿ-ը ճնշի Ադրբեջանին, որ նա հարգի դատարանի որոշումները:
Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել է նոր որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաև նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։
Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։
News.am