Միգրանտներին կվտարեն Ռուսաստանից մանր խուլիգանության և հանրահավաքների համար
ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է վտարել միգրանտներին ՌՌ Վարչական իրավախախտումների օրենսգրքի ևս 20 հոդվածների խախտման համար, որոնցից են մանր խուլիգանությունը և հանրային կարգը խանգարելը։
«Առաջարկվում է մտցնել ևս 20 հոդված, որոնց մեծ մասն ուղղված է իրավահարաբերությունների պահպանմանը հանրային կարգի և հասարակական անվտանգության ոլորտում, այդ թվում ծայրահեղական դրսևորումների դիմակայմանը»,- նշվել է գերատեսչության կայքի հաղորդագրությունում։
Նշվել է, որ ներկայում վարչական վտարումը նախատեսված է օրենսգրքի 22 հոդվածներով։ Պատիժը կիրառվում է խղճի ազատության մասին օրենքի խախտման, ոչ ավանդական արժեքների քարոզման, պետական սահմանի պաշտպանության առանձին խախտումների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և մի շարք այլ հակաիրավական գործողությունների դեպքում։
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ նոր օրինագծում միգրանտներին կսկսեն վտարել հանրային կարգի և անվտանգության խախտման համար։ Խոսքն այդ թվում նաև ուժային գերատեսչությունների աշխատակիցների օրինական կարգադրությանը չենթարկվելու, մանր խուլիգանության, ծայրահեղական կամ նացիստական քարոզչության, ահաբեկչական գործունեության կոչերի, կեղծ վկայություններ տալու մասին է։
«Մի շարք հոդվածներով պետք է ապահովվի այն անձանց օպերատիվ (առանց դատարանի որոշման) վտարումը, որոնց գտնվելը երկրում ցանկալի չէ նրանց հակաիրավական ակտիվության պատճառով։ Պետդուման կաջակցի իրավախախտումների ցանկի ընդլայնման օրինագծին»,- գրել է Վոլոդինն իր թելեգրամ-ալիքում։
Ավելի վաղ ՆԳՆ-ն «Ինտերֆաքսին» տեղեկացրել էր, որ միգրանտների հանդեպ կազմվել է ավելի քան 8 հազար արձանագրություն իրավապահ մարմինների օրինական կարգադրությանը չենթարկվելու համար, ինչպես նաև ավելի քան 209 հազար արձանագրություն հանրային անվտանգության և իրավակարգի դեմ ոտնձգության համար։ Գերատեսչությունում նաև առաջարկել են բարձրացնել տուգանքներն այն անձանց համար, ովքեր կկատարեն միգրացիոն ուղղվածության իրավախախտումներ։
News.am