Սամանթա Փաուեր․ Կոչ ենք անում ապահովել ԼՂ-ից ընտանիքների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքները

Կոչ ենք անում ապահովել այդ մարդկանց և ընտանիքների իրավունքները (Լեռնային Ղարաբաղից - խմբ.), որպեսզի նրանք կարողանան ապահով վերադառնալ իրենց տները։ Այս մասին հուլիսի 10-ին Երևանում կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նրա խոսքով, շատ ընտանիքներ ցանկանում են այցելել եկեղեցիներ, տաճարներ, հարազատների շիրիմներ, սակայն մինչ այժմ այդ վերադարձը չի եղել։ Նա վստահեցրեց, որ գործակալությունը կշարունակի կոչ անել և աշխատել այս ուղղությամբ։

Փաուերը բացատրեց, որ վերադարձի համար պետք է լինեն համապատասխան պայմաններ, որոնցից հիմնականը հանգամանքների փոփոխությունն է։ «Ես սահմանին էի 2023 թվականի սեպտեմբերին, և դեռ հիշում եմ Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախած ընտանիքների պատմությունները, նրանց ապրած վախը։ Նրանք մի քանի ամիս չէին կարողանում սնունդ և դեղորայք ստանալ, մինչև Ադրբեջանը գրավեց այս համայնքները։ Այն մարդիկ, որոնց ես հանդիպել եմ, կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ հապճեպ արտագաղթի ժամանակ (Լեռնային Ղարաբաղից - խմբ.)»,- նշել է գործակալության ղեկավարը։

Նա գոհունակություն հայտնեց, որ այս ընտանիքներից շատերը կարողացել են վերամիավորվել, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես։

Փաուերը հիշեց, որ երեկ նա այցելել է մի վայր, որը ղեկավարում է մի քանի տարի առաջ Հայաստան փախած Լեռնային Ղարաբաղից մի ձեռնարկատեր:

«Նա աշխատանքի է ընդունում մարդկանց, ովքեր վերջերս են ժամանել Հայաստան։ Աշխատակիցներից մեկի ամուսինն անհետացել է, մյուսի ամուսինը զոհվել է մարտերի ժամանակ։ Սա արտացոլում է այն, ինչ ապրել են շատ ընտանիքներ»,- հավելեց նա:

Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշմարտացիորեն ընդգծել է Հայաստան ժամանած ավելի քան 100 հազար մարդկանց բարեկեցության ապահովման կարևորությունը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը զգալի ջանքեր է գործադրում այդ մարդկանց աշխատանքի տեղավորելու համար։

«Հունիս ամսվա տվյալները ցույց են տալիս, որ զբաղվածության թվերն աճել են, սակայն մարդկանց այս խմբի տառապանքը շարունակում է չափազանց մեծ լինել, քանի որ նրանք այնտեղ այդքան շատ բան են թողել: Մենք աջակցում ենք բնակչության այս խմբին, աջակցություն ենք ցուցաբերում մանկապարտեզներին և դպրոցներին, որոնք ընդունել են ծանր վնասվածքներ ստացած երեխաներին»,- եզրափակեց գործակալության ղեկավարը։