Կոբախիձե. ԱՄՆ և ԵՄ որոշումը չի համապատասխանում մեր ակնկալիքներին
ԱՄՆ և Եվրամիության որոշումը՝ դադարեցնել միջոցների հատկացումը պաշտպանության ոլորտում, ափսոսանք է առաջացնում, քանի որ չի համապատասխանում մեր ակնկալիքներին հարաբերությունների վերալիցքավորման առումով։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստում, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։
Կոբախիձեի կարծիքով՝ այդ հարաբերություններն իսկապես վերալիցքավորման կարիք ունեն, ինչին վրացական կողմը պատրաստ է։
«Ցանկանում եմ մեկնաբանել ԱՄՆ և Եվրամիության որոշումը՝ պաշտպանության ոլորտին միջոցների տրամադրումը դադարեցնելու մասին։ Այդ որոշումն ափսոսանք է առաջացնում։ Դա ցավալի է, քանի որ չի արդարացնում մեր ակնկալիքները հարաբերությունների վերալիցքավորման առումով։ Պետք է մեկ անգամ ևս ընդգծել, որ վերջին չորս տարիների քաղաքական իրադարձությունների ֆոնին այդ հարաբերություններն իսկապես վերալիցքավորման կարիք ունեն։ Վրացական կողմը, մեր կառավարությունը, պետությունը դրան պատրաստ են սկզբից մինչև վերջ, և մենք սպասում ենք հանդիպակաց քայլերի։ Իհարկե, նման որոշումներն արդյունավետ չեն հարաբերույթունների վերականգնման տեսակետից։ Սակայն ես հուսով եմ, որ ապագայում կձեռնարկվեն պրագմատիկ, ռացիոնալ, ճիշտ և արդարացի քայլեր, և հենց այդ քայլերը կնպաստեն ԱՄՆ և Վրաստանի միջև հարաբերությունների վերալիցքավորմանը։ Մենք պատրաստ ենք դրան սկզբից մինչև վերջ»,- հայտնել է Իրակլի Կոբախիձեն։
News.am