Զելենսկու խոսքերի պատճառով Ուկրաինայի դեսպանին կանչել են Հնդկաստանի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանը Հնդկաստանի արտգործնախարարություն է կանչվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ռուսաստանյան այցի մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Economic Times» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 15-ին կանչել է դեսպանին և բարձրացրել այդ հարցը։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Նյու Դելին դժգոհ է Ուկրաինայի դիրքորոշումից՝ կապված վարչապետի հասցեին Զելենսկու մեկնաբանությունների հետ»,- նշում է պարբերականը։

Հայտնի է դարձել նաև, որ Հնդկաստանը միջադեպի ֆոնին հետաձգել է Ուկրաինայի հետ համատեղ` մշակույթի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստը:

Անցյալ շաբաթ Զելենսկին քննադատել էր Մոդիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այն անվանելով «ջախջախիչ հարված խաղաղության ջանքերին»։

Sputnik Արմենիա