ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները մեկ ամսում երկու անգամ պարգևատրվել են

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։ Այդ մասին տեղեկանում ենք խորհրդարանի կայքից։

Որոշումը ստորագրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հուլիսի 16–ից փոխարինում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որն արձակուրդ է գնացել։

«Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասված է որոշման մեջ:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պետական ծառայողները մեկ ամսում արդեն երկրորդ անգամ են պարգևատրվում: Նախորդ անգամ նրանք և պատգամավորները միանվագ պարգևատրվել էին Սահմանադրության օրվա առիթով։

Sputnik Արմենիա