Անանյան․ ԱՄՆ-ն ձգտում է հասնել խաղաղության պայմանագրի, Ադրբեջանի բոլոր ցանկությունները կատարելով
Երբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը խոսում է փոխադարձ ծանր փոխզիջումների մասին, մենք ըստ էության պետք է հասկանանք, որ Հայաստանը կրկին կանգնած է իրենց համար շատ կարևոր, իսկ մեզ համար շատ ցավալի զիջման առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Կարծում եմ՝ կրկին խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է և ամերիկյան կողմը կարծես թե շտապողականություն է դրսևորում: Դա կախված է Հայաստանում ավելի քան «կոմպլեմենտար» իշխանության առկայությամբ, որը հլու-հնազանդ պահանջներ է կատարում: Փաստորեն Ադրբեջանի բոլոր ցանկությունները կատարելու գնով ԱՄՆ-ն ձգտում է շատ արագ հասնել խաղաղության պայմանագրի կնքման, որի նպատակը մինչև նոյեմբերի ընտրությունները դեմոկրատների դիրքերը ամրապնդելն է:
Դեմոկրատներն ուզում են ունենալ ծանրակշիռ հաղթանակներ ցանկացած գնով, և եթե ՀՀ-ում կա «համագործակցող» իշխանություն, ապա ԱՄՆ-ի վարչակարգը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում ստիպելու վարքագիծ է դրսևորում: Սա էր երեկ ուշ երեկոյան պետքարտուղարության խոսնակի «հավասարակշռված» ուղերձը կողմերին՝ մոտ ապագայում ցավալի փոխզիջումներ կատարելու հետ կապված: Դա միմիայն զիջում է Հայաստանի կողմից»,-ասաց նա: