Մանասյան․ Հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են անհամաչափ ուժի գործադրման դեպքեր
Եթե զանգվածային միջոցառումներ են տեղի ունենում, մենք պարտադիր մեր նախաձեռնությամբ ենք ներգրավվում գործընթացների մեջ, մենք հանդես ենք եկել հրապարակումներով, ես ինքս արձանագրել եմ, այո, ուժի գործադրման դեպքեր, որոնք իմ կարծիքով համաչափ չեն եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Մի շարք դեպքեր, նույնիսկ տեսանկարահանման շրջանակներից դուրս են եղել, այսինքն ես չեմ կարող իմ ձեռքի տակ ունենալ տեսանյութեր, բայց անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և իրենց այդ պահի վիճակը ինձ մոտ ձևավորել է եզրահանգում, որ գործադրված ուժը համաչափ չի եղել։
Ինչ վերաբերում է հատուկ կիրառված միջոցներին՝ ես էլի եմ ասել, որ սա առանձին քննարկման ենթակա հարց պետք է լինի, մանրամասն վերլուծության ենթարկվի: Շատ մանրամասն վերլուծության պետք է արժանանա այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցների կիրառումը եղել է համաչափության սկզբունքի պահպանմամբ թե ոչ: Մենք այս պահին էլ այդ ուսումնասիրությունը իրականացնում ենք»,-ընդգծեց Մանասյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ որպես կանոն պատասխանատվության են ենթարկվում միայն քաղաքացիները, իսկ քաղաքացու հանդեպ բռնություն կիրառած ոստիկանները չեն պատժվում, ՄԻՊ-ն ասաց. «Ես այն պաշտոնատար անձանցից եմ, որ նույնիսկ հրապարակային է խոսել այն մասին, որ ցանկացած պետական մարմնի ներկայացուցիչ, այդ թվում ոստիկան, ով ենթադրելի է, որ կարող է կատարած լինել որևէ տեսակի իրավախախտում, բնականաբար, պիտի ենթարկվի համապատասխան պատասխանատվության: Բայց այստեղ կարևոր է նաև քաղաքացիների կողմից իրավաչափ վարքագիծ դրսևորելը: Ես կրևորում եմ նաև հավաքի կազմակերպիչների կողմից ճիշտ խորհրդատվություն մատուցելը:
Հատուկ միջոցների հետ կապված ես կասկած եմ տեսել համաչափության պահպանման մասով,. և դրա համար ուսումնասիրության ընթացակարգ ենք սկսել»:
Մանասյանն ընդգծեց, որ այս պահին դեռ իրենց չեն ասել հունիսի 12-ին քաղաքացիների նկատմամբ Զարյա-3, թե՞ Զարյա-2 լուսաձայնային նռնակ է կիրառվել:
News.am