Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մուխթար Բաբաևը (COP29-ի նախագահ) հրավեր նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է Հաջիևը։

Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել էր, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

Հունիսի 26–ին էլ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։

Sputnik Արմենիա