Իոաննիսյան․ ՀՀ ոստիկանությունը ստեղծված չէ լուրջ կրիմինալի դեմ պայքարելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սևան քաղաքում տեղի ունեցած սպանությունից հետո բարձր աստիճան վախի մթնոլորտ էր, և վախի մթնոլորտը ոստիկանությունը ոչ թե տարածել էր կրիմինալի վրա, այլ քաղաքացիների մոտ էր վախի մթնոլորտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

 

«Այն աստիճան վախի մթնոլորտ էր, որ Սևանի համայնքապետարանը ցավակցել էր ավագանու անդամի սպանության կապակցությամբ, բայց չէր դատապարտել սպանությունը: Այնպիսի տպավորություն էր, որ ստոմատոլոգը ինչ-որ տեղից ընկել, հանկարծամահ է եղել: Տեսեք, թե ինչ աստիճան վախեցած են կրիմինալից Սևան քաղաքում:

Խոսքը միայն Սևանի մասին չէ, գլոբալ առումով հանրապետությունում եթե մենք վերցնենք օրինակ, վիճակագրության առաջին կիսամյակի րդյունքները, կտեսնենք, որ ապօրինի զենք-զինամթերքով, ռազմամթերքով կատարվող հանցագործությունները մոտ 70 տոկոսով աճել են նախորդ տարվա համեմատ: Օրինակ, 2023-ի հունվար-մայիսին 27 դեպք է եղել, այս տարի արդեն 45 դեպք է եղել նույն ամիսներին: Սևրանք խուլ տեղերում տեղի ունեցող հանցագործություններ չեն: Ֆուչիկի փողոցի վրա մարտական նռնակ են կիրառում բնակելի թաղամասում, Շինարարների փողոցում ընթացող մեքենայի վրա կրակահերթ են թողնում, Երևանը, Սևանը, մյուս քաղաքները դառնում են վտանգավոր և ոստիկանությունը չի կարողանում նորմալ պայքարել: Ոստիկանությունը ինչ-որ նյարդային շարժումներ է անում, ռեյդեր է անում, բայց դրանցից էֆեկտը շատ սահմանափակ է»,-ասաց Իոանիսյանը:

Նա նկատեց, որ ոստիկանությունը պետք է գործի այնպես, ինչպես իր կանոնադրություններում գրված է, և դա շատ ավելի արդյունավետ կլինի. «Պարեկային ծառայության կանոնադրությանը հակասող է պարեկներին ռեյդերում ներգրավելը: Փոխարենը պարեկները պետք է պարեկություն անեն, տաօրինակ մեքենաները կանգնեցնեն, ստուգեն բեռնախցիկները, եթե պետք է: Բայց ոստիկանությունը ներվային շարժումներ է անում՝ փորձելով գործողության իմիտացիա ցույց տալ: Այդ շոուներն արդյունք չեն տալիս, որը մենք տեսնում ենք վիճակագրությամբ, կոնկրետ մթնոլորտով:

Մենք տեսնում ենք դեպքեր, երբ ոստիկանության բաժին մտնում է քաղաքացի, հերթապահ մասում վերցնում է ինքնաձիգը և կրակում է ոստիկանների վրա: Սա ամենախայտառակ բանն է, երբ ոստիկանի վրա կրակում են իր իսկ զենքից: Երբ նայում ենք ատեստացիան, տեսնում ենք, որ ոստիկանների ¾-ը զենքից օգտվել չգիտի: Գալիս են ատեստացիայի ու կտրվում են: ՀՀ ոստիկանությունը ստեղծված չէ լուրջ կրիմինալի դեմ պայքարելու համար և չի կարողանում պայքարել»,-ասաց Իոաննիսյանը:

Նա հայտարարեց, որ այս վիճակագրության աճը զուտ ոստիկանության անգործությամբ է պայմանավորված, որովհետևա այդ ամբողջ զենք-զինամթերքը անցյալ տարվա սեպտեմբերին արցախյան իրադարձությունների արդյունքում չի եկել Հայաստան. «Քանի որ Ադրբեջանը Հաքարի կամրջի մոտ անցակետ ուներ, մարդիկ զենքով չէինք գալիս: Հիմնական զենք-զինամթերքը 2020-ի պատերազմի արդյունքում է եկել և եթե 3-4 տարի հետո զենք-զինամթերքով հանցագործությունների թիվն աճում է, դա ոստիկանության անգործության արդյունք է: Երբ նման մի հանցագործություն է լինում և ոչ ոք չի դատապարտվում, այդպիսի հանցագործությունները շատանալու են: Պատժի անխուսափելիության ինստիտուտը Հայաստանում չի գործում»,- հայտարարեց նա: