ԼՂ հայերը վերադառնալու իրավունք ունեն. Ֆրանսիայի և Ադրբեջանի դեսպանների բանավեճը

Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց հայրենի տներ վերադառնալու իրավունք ունեն. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսպես է պատասխանել Նիդերլանդներում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին:

X սոցիալական ցանցում հեռակա բանավեճի առիթ է դարձել ֆրանսիացի դիվանագետի գրառումը. Օլիվիե Դըկոտինյին մեջբերել էր օլիմպիական խաղերի բացման ժամանակ «France 2»-ի հաղորդավարի` Լեռնային Ղարաբաղի մասին ասածը։

Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանին դուր չէր եկել Դըկոտինյիի գրառումը, և նա «նախատել» էր Ֆրանսիայի դեսպանին։

Վերջինս չի ցանկացել լռել և Ռահման Մութաֆաևին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հայերի օրինական իրավունքների մասին, որոնք ամրագրված են միջազգային դատարանի կողմից։

Ֆրանսիայի դեսպանը գործընկերոջը նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքի մեջ «լավ տղաներ» հասկացություն չկա` անդրադառնալով Ադրբեջանի դեսպանի այն արտահայտությանը, թե եթե հայերը «լավ տղաներ» լինեն, ապա կկարողանան օգտվել «տարածաշրջանի խաղաղության հեռանկարներից»:

Հիշեցնենք` Փարիզում օլիմպիական խաղերի բացման ժամանակ «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսն ասել էր, որ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է, անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ։ Հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է Դելաուսի հայտարարության համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ):

Sputnik Արմենիա