Ադրբեջանի դեսպանը մեղադրել է ՏԱՍՍ-ին
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ-ն ցանկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։
«Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ավելի վաղ հայտնել էր, որ շուտով կսկսվի Խանքենդիում (Ադրբեջանում այսպես են անվանում հայկական Ստեփանակերտը- խմբ.) ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստությունը։ Կա՞ արդյոք կողմնորոշում, թե երբ կբացվի ռուսական գլխավոր հյուպատոսությունը Ղարաբաղում»,- հարցրել է նրան ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն է հայտնել հյուպատոսություն բացել, որովհետև մենք Ռուսաստանում երկու հյուպատոսություն ունենք՝ Եկատերինբուրգում և Սանկ Պետերբուրգում։ Հաշվի առնելով Ռուսաստանի չափերը և ադրբեջանցիների թիվը ձեր երկրում, դա բնական է։ Իսկ ահա Ադրբեջանում հյուպատոսությունների աշխատանքի դաշտն ավելի սահմանափակ է։ Բայց և այնպես, աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում է, առաջարկվում են տարբերակներ։ Այդ հարցը քննարկման փուլում է»,- մեջբերել է ՏԱՍՍ-ը Բյուլբյուլօղլիին։
Ավելի ուշ Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական haqqin.az գործակալության հարցազրույցում հայտնել է, որ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը «խեղաթյուրել» է իր խոսքերը Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման համատեքստում։
«Ես չեմ ասել, որ Ղարաբաղում կարող է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հայտնվել։ Ես ասել եմ, որ այդ հարցը քննարկման փուլում է»,- հայտնել է նա։
Ո՞րն է «կարող է հայտնվել» և «գտնվում է քննարկման փուլում» ձևակերպումների տարբերությունը՝ խիստ գաղտնիք է մնում։
News.am