ՏԱՆՁԱՏԱՓԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑՈՂ ՎԵՐՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցու ոչնչացմանը:

«Համաձայն Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկման, ադրբեջանական կողմը 2023 թվականի հոկտեմբեր և 2024 թվականի ապրիլ ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ոչնչացրել է օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցին: Եկեղեցին կառուցվել էր 19-րդ դարի երկրորդ կեսին:

Եկեղեցու շուրջը փռված է եղել համաժամանակյա ընդարձակ գերեզմանատունը, որն ադրբեջանական կողմը ոչնչացրել էր դեռևս 1989-1993 թվականներին, այդ տարիներին էլ ադրբեջանական կողմը միտումնավոր վնասել է նաև եկեղեցին: Առանձնահատուկ կերպով փշրվել էին հայատառ արձանագրություններ պարունակող տապանաքարերը, շրջակա տարածքների խաչքարերը:

Տանձատափ գյուղը Հակարի գետի ստորին հոսանքում տեղակայված երբեմնի հայկական գյուղերից էր, վերջիններս էլ պատմական Կովսական գավառի մասն էին կազմում: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները վերացրել էին գավառի հայկականությունը ցուցող հուշարձանների զգալի մասը՝ եկեղեցիներ, մատուռներ, հայկական գերեզմանոցներ: Իսկ վերջին հայկական գյուղերը հայաթափվել էին 1960-ական թվականներին: Շրջանի հայկական գյուղերի հայաթափման, երկրամասը ադրբեջանցիներով բնակեցման գործընթացը սկսվել էր դեռևս 1930-ական թվականներին, երբ ձևավորվել էր Զանգելանի շրջանը, որի կազմի մեջ էր մտել Կովսականի զգալի մասը:

Նախքան 1993 թվականը, երբ շրջանը ազատագրվել էր, ադրբեջանական կողմը զգալիորեն ոչնչացրել էր շրջանի հայկականությունը ցուցող հուշարձանների մեծ մասը՝ քանդելով, վթարային դարձնելով եկեղեցիները, ջնջելով, քերելով հայերեն արձանագրությունները և այլն: Կարող ենք փաստել, որ Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով, ադրբեջանական կողմը շարունակում և կարծես վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը:

Մեր արձագանքը

Տանձատափի եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Տանձատափի եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։

Ֆիզիկական վնասներից բացի, Տանձատափի եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում նշվում է, որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը»։

News.am