ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ցեղասպանություն 2.0» («Էթնիկ զտումներն Արցախում») ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

Փաշինյանի կառավարությունը, ըստ երևույթին, անասելի հպարտ է, որ պետբյուջեի և միջազգային դոնորների միջոցների հաշվին 75 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածներին: Ճիշտ է, եկող տարվա գարնանից աստիճանաբար կկասեցվի հենց Հայաստանի իշխանությունների ապաշնորհ գործողությունների պատճառով հողից, տներից ու ունեցվածքից զրկված մարդկանց նյութական աջակցության ծրագիրը։ Այս «ավետիսը» Փաշինյանի «շատ լավ է» խրախուսանքի ներքո, կառավարության վերջին նիստում ազդարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այնպիսի տպավորություն է, որ ուրացողները նպատակադրվել են իսպառ մոռացության գիրկն ուղարկել Արցախը և նրա մասին հիշողությունն անգամ ջնջել մեր ամենքիս մտքից

КУЛЬТУРНЫЕ ПРИОРИТЕТЫ ОТСТУПНИКОВ

ՄԻՆՉԴԵՌ ՀԱՅ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ, որպեսզի, այսպես ասած, թույլ չտան, որ թեման մարի և մոռացության մատնվի. մասնավորապես՝ նկարահանում են ֆիլմեր, որոնք միջազգային հանրության դատին են ներկայացնում հրատապ և հոգեցունց պատմություններն այն մասին, թե ինչպես արմատախիլ արեցին աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքը։

Բոլորովին վերջերս «ԳԱ»-ն գրել էր Հայաստանի վավերագրողների հանրության հնչեցրած քննադատության մասին՝ առ այն, որ Ազգային կինոակադեմիան որոշել է «Օսկարի» չառաջադրել հեռախոսով Շողակաթ Վարդանյանի նկարահանած «1489» (Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածի մարմնի համարը) դեբյուտային ֆիլմը, այդպիսով զրկելով Հայաստանին իր պատմության մեջ առաջին «Օսկարը» ստանալու հնարավորությունից։

Իհարկե, հիանալի է, որ ամերիկահայ պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը (հայ դերասան և ռեժիսոր Արթուր Էլբակյանի դուստրը) մեկը մյուսի հետևից շահում է ամերիկյան հեռուստատեսային արդյունաբերության հեղինակավոր Emmy Awards մրցանակներ: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 2020 թվականին, երբ նա միանգամից երկու մրցանակ ստացավ վավերագրական տեսանյութի համար... ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի մերձփնյա Քեյփ Քոդում կլիմայի փոփոխության մասին:

Այս խորապատկերին մեր հերթական սպասումները կապված են դեկտեմբերի 7-ի հետ, երբ Ֆլորիդայում տեղի կունենա 2024 թվականի Suncoast Emmy մրցանակաբաշխությունը։ ԱՄՆ-ի Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան «Կրոն, կարճամետրաժ կոնտենտ» անվանակարգում մրցանակի է առաջադրել «Էմմի» մրցանակի բազմակի դափնեկիր, ռեժիսոր Բարեդ Մարոնյանի նկարահանած «Ցեղասպանություն 2.0» վավերագրական ֆիլմի հակիրճ, 7-րոպեանոց տարբերակը:

«Ցեղասպանություն 2.0» («Էթնիկ զտումներն Արցախում») վավերագրական ֆիլմը պատմում է Արցախում հայկական ժառանգության ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի շարունակվող արշավի մասին: 2024 թվականին՝ 1700 տարվա մեջ առաջին անգամ, այնտեղ չեն տոնել Զատիկը. սա իրենց նախնիների հողից ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանման վառ խորհրդանիշն է։ «Հալածանքի դեմքերը» շարքի մեջ մտնող այս ֆիլմի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է և արդարության հաղթանակի ու մեղավորների պատժման հասնելը:

КУЛЬТУРНЫЕ ПРИОРИТЕТЫ ОТСТУПНИКОВ

Սա փաստագրական վկայություն է, թե ինչպես են արցախցիները հազարամյակներ շարունակ կերտել ինքնավար ժողովրդավարական հանրապետություն, որը 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտման և բռնի տեղահանման ենթարկվեց նավթիշխան Ադրբեջանի ռեժիմի կողմից։ Ֆիլմը, որը բացահայտում է պատմական խորապատկերը պատմաբանների, հումանիտար հարցերով փորձագետների հետ հարցազրույցների և պատերազմի սարսափները վերապրած մարդկանց համոզիչ վկայությունների միջոցով, ցույց է տալիս, թե ինչպես 120 հազար բնիկ հայ քրիստոնյաներ վերապրեցին երեք չհրահրված պատերազմներ, հազարավոր զոհեր, գույքի և կրոնական-մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացում Ադրբեջանի կողմից՝ սովի մատնած 10-ամսյա պաշարման խորապատկերին, ի վերջո Հայաստանի ուխտադրուժ քաղաքականության պատճառով վերածվելով փախստականների:

«Հալածանքի դեմքերը» շարքը ձեռնարկվել է արցախյան ճգնաժամը ողջ աշխարհում Մարդու իրավունքների ոլորտի համանման խնդիրների հետ կապակցելու համար, ինչպիսիք են եզդիների ցեղասպանությունը, բռնությունը Կադունում (Նիգերիա): Այս զուգահեռների միջոցով նախագիծը նպատակ ունի ոգեշնչել միասնական գլոբալ պատասխանի: Շարքի առաջին ֆիլմը՝ «10 տարի անց», պատմում է ԻԼԻՊ-ի տիրապետության տակ եզդիների ողբերգական ճակատագրի մասին և ընդգծում Հայաստանի դերը՝ որպես կրոնական ներդաշնակության վայր, որտեղ գտնվում է եզդիների աշխարհի ամենամեծ տաճարը: Այդ տեսանկյունն ընդգծում է փոքրամասնությունների իրավունքների պահպանման և միջկրոնական փոխըմբռնման Հայաստանի հանձնառությունը: Ի դեպ, «10 տարի անց» ֆիլմը աշխարհում տարածելու է JAVA Films ընկերությունը՝ այնպիսի խոշոր հեռուստաալիքների միջոցով, ինչպիսիք են DW-ն (Deutsche Welle) և իսպանական RTVE-ն, և այն դիտելու են միլիոնավոր հեռուստադիտողներ ողջ աշխարհում:

Ներկայումս «Ցեղասպանություն 2.0»-ի պրոդյուսերները պատրաստ են ավարտին հասցնել աշխատանքը ֆիլմի լիամետրաժ տարբերակի վրա, նպատակ ունենալով հասցնել դա համաշխարհային լսարանին, նվիրատվություններ հավաքելով կինոարտադրության այդ վճռորոշ փուլում: Վերն ասված ամենի լույսի ներքո՝ այս կարևոր գործում Հայաստանի իշխանությունների հովանավորչությունն ակնկալելն անիմաստ է։ Հիշեցնենք, որ Փաշինյանի կառավարությունը մեկ տարի և երեք ամիս առաջ հեշտությամբ բաժանվեց հարկատուների միջոցների 2,318 մլրդ դրամից (մոտ 6 մլն դոլարամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի մասնակցությամբ շոուի համար, որը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին։ Այդ պատկառելի գումարը, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի հաղորդագրության, ամբողջությամբ վճարվել էր դեռևս նախորդ տարվա օգոստոսի 25-ին, սակայն Դոգը մեր երկրում այդպես էլ չհայտնվեց, իսկ վճարված հոնորարը չվերադարձվեց: Ահա այսպիսիք են ուրացողների իշխանության գերակայությունները