Բախումներ, անկարգություններ և ջրցան մեքենաներ. ի՞նչ է կատարվել գիշերը Թբիլիսիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամբողջ գիշեր Թբիլիսի կենտրոնում լարված իրավիճակ է եղել։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն աղբամաններ և անվադողեր են հրկիզել։

 

Վրաստանի հատուկջոկատայինները քանդել են արևմտամետ ընդդիմության տեղադրած բարիկադները՝ ցուցարարներին կենտրոնական հրապարակից հետ մղելով ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։

Ըստ վրացական լրատվամիջոցների` ձերբակալվածներ կան, 18 ուժային է տուժել։

Հիշեցնենք` երեկ, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:

Թբիլիսիի բողոքի ակցիային միացավ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը, ինչպես և առաջատար ընդդիմադիր կուսակցությունները, պահանջում է խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել երկրում: Նրանք պնդում են, որ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունները կեղծվել են։

Այս պահին Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը վերականգնվել է, իսկ այդ տարածքում գտնվող խորհրդարանի շենքում անվտանգության կարմիր ռեժիմ է սահմանվել:

Նշենք, որ Արևմուտքի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարացան 2024 թվականի գարնանը՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Սառեցվեց կառավարությանը տրամադրվող օգնության մի մասը, և կասեցվեց երկրի ինտեգրումը ԵՄ-ին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ սահմանեց Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ: Կրակին յուղ լցրեց այս տարվա սեպտեմբերին Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը*:

Քննադատությունը շարունակվեց նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հրաժարվեցին ճանաչել բոլոր չորս ընդդիմադիր ուժերը:

Վրաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ հույս ունեն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Նրանք պնդում են, որ հավատարիմ են եվրոպական արժեքներին, իսկ վերոնշյալ օրենքներն ընդունվել են երկրի ազգային շահերից ելնելով։

*ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Sputnik Արմենիա