ՀԱՅԵՐԸ ԲԱԼԿԱՆՆԵՐԻՑ ՉԵՆ ԵԿԵԼ, ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐՆ ԷԼ ԱՍՈՐԱԿԱՆ ԱՐՄԱՏ ՉՈՒՆԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում

Հայաստանում «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» գիտական աշխատության շնորհանդեսն է տեղի ունեցել, որը հրապարակվելու է «The American Journal of Human Genetics» ամսագրում։

Հայերի նախնիներին, որոնք պատմականորեն բնակվել են Հայկական լեռնաշխարհում, ավանդաբար ընդունված է համարել Բալկաններից եկած փռյուգիական վերաբնակներ։ Այդուհանդերձ, հայկական պոպուլյացիայի ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հերքում է պատմաբանների և լեզվաբանների՝ դարեր շարունակ արմատացած այս տեսակետը։ Գենետիկները հերքել են հայերի ծագման հետ կապված մեկ այլ միֆ, որը վերաբերում է սասունցիների ասորական արմատների մասին պնդումներին։

News.am-ի հետ զրույցում կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մոլեկուլային էթնոգենոմիկայի լաբորատորիայի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը մանրամասնեց, թե որքան ժամանակ է պահանջվել հետազոտությունն ամբողջականացնելու համար

 

«Սրանից 4 օր առաջ հրատարակվեց աշխատանքը, երկուշաբթի երեկոյան այդ աշխատանքի էլեկտրոնային տարբերակը լույս տեսավ, իսկ արդեն ամսագրում լույս կտեսնի հունվարին։ Աշխատանքը համատեղ է՝ մեր գործընկերների հետ հիմնականում Քեմբրիջի համալսարանի մեր գործընկերների, Դուբլինի համալսարանի գործընկերների, ինչպես նաև միջազգային հարթակի այլ գործընկերների հետ։ Աշխատանքն ունի և՛ պատմական, և՛ գենետիկական, և՛ կենսաինֆորմատիկայի տեսակետ, քանի որ առաջին անգամ ուսումնասիրում ենք ամբողջական գեն, դա ունի էթնիկական բնույթ։ Հարավային Կորեայից ունենք նաև երկու գործընկերների համագործակցություն, որոնք մեզ շատ են օգնել կենսաինֆորմատիկայի աշխատանքն իրականցնելու գործում»։

Լևոն Եպիսկոպոսյանն ասաց, որ հետոզոտությունը սկսվել է մոտ 10 տարի առաջ «Աշխատանքը հիմնականում վերաբերում է պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրմանը։ Սա առաջին հիմնարար աշխատանքն է, որից հենց սկսում է քարտեզագրումը և հիմք է դրված նաև «Հայկական գենոմ» մեծ ծրագրի մեկնարկին»։

Հարցին՝ ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը միազգային գործընկերների հետ, Եպիսկոպոսյանը նշեց, որ Հայաստանը և՛ աշխարհագրական հետաքրքիր դիրք ունի, և՛ պատմությունն է հետաքրքիր ու եզակի, ինչը գրավել է միջազգային գործընկերներին «Աշխարհագրականն այն է, որ մենք գտնվում ենք խաչմերուկում, քանի որ այդ բոլոր գաղթերի ճանապարհներն անցել են Հայկական բարձրավանդակով, և միշտ էլ այն եղել է և՛ Քարե դարի, և՛ Նոր քարե դարի, և՛ Բրոնզե դարի գաղթերի «խաչմերուկը»։ «Խաչմերուկը» նշանակում է, որ նրանք ոչ միայն եկել ու անցել են, այլ մնացել են այստեղ։ Իսկ Եվրոպայում բնակվել են մի քանի հազար տարի ավելի ուշ, հողագործների ազդեցությունն այնքան ուժեղ է եղել, որ նրանք եկել ու փոխարինել են հիմնական բնակիչներին, այսինքն՝ նրանք անցել են մեր տարածաշրջանով, և նրանց հետքերը մնացել է այստեղ։ Հայկական գենոֆոնդը պարունակում է տարբեր շերտեր, այդ իմաստով մենք որպես արխիվ ենք։ Նրանք եթե ցանկանում են ավելի խորանալ իրենց գենետիկական պատմության արմատներին, պետք է գան ու ուսումնասիրեն հայերին, քանի որ դա իրենց մոտ չկա»։

Պրոֆեսորի խոսքով՝ հայկական գենը նաև հետաքրքիր է այն առումով, որ կարողացել է երկար ժամանակ պահպանել իր մաքրությունը «Չնայած որ Նեոլիտից հետո տեղի է ունեցել զգալի շարժում, սակայն ընդամենը 20-30 տոկոսով է փոփոխության ենթարկել մեր գենոֆոնդի միայն արևմտյան մասը, իսկ արևելյան մասը մնացել է անփոփոխ»։

Հարցին՝ ինչպե՞ս են նմուշառման համար գտել 400 հայի, որոնք նույն վայրից են սերում, Լևոն Եպիսկոպոսյանը պատմեց, որ իրենք սկսել են այն հատվածներից, որոնք հուսալի ձևով են ներկայացված «Այսինքն՝ պարզ է, որ Արցախում արցախցիներ են, Սյունիքում սյունեցիներն են, Լոռիի դեպքում ավելի ուշադիր պետք է լինել, քանի որ մեծ մասը Արցախից են տեղափոխվել մի քանի դար առաջ, այսինքն՝ այնտեղ պետք է բավականին երկար զտել։ Մարտունիում գիտենք, որ հայերը Ալաշկերտից են, գնացել ենք այնտեղ, գնացել ենք Գավառ, որովհետև Բայազետից են, գիտեինք՝ որտեղ են վերաբնակեցվել վանեցիները, որտեղ մշեցիները։ Մենք ուսումնասիրել ենք ոչ միայն հայերին, այլև եզդիներին, ասորիներին, որ համեմատենք։ Մեր առանձնահատկությունը հայտնաբերելու համար նաև պետք է հարակից ժողովուրդների գենետիկական պատկերն ունենանք։ Մեր դոնորները տարեց մարդիկ են, քանի որ նրանց ծնողներն են ծնվել այն ժամանակ։ Ունենք մասնակից, որը 100 տարեկան կին է՝ Ֆիլադելֆիայից»։

Անդրադառնալով աշխատությունում Բալկանյան երկրների ժողովուրդների հետ հայերի հետ եղած կապի հերքմանը՝ պրոֆեսորն ասաց, թե ինչպես և ինչ հանգամանքներում են եկել այդ պնդմանը «Երբ մենք սկսել ենք այս աշխատանքը, դրա հիմնական նպատակն էր բնութագրել հայկական գենոմի բազմազանությունը, գենոֆոնդի բազմազանությունը։ Այդ աշխատանքը սկսել է 25 տարի առաջ, բայց այն ժամանակ մենք հայրագծային Y քրոմոսոմն էինք ուսումնասիրում կամ մայրագծային միայն միտոքոնդրիումային ԴՆԹ-ն, պարզ է, որ դրանք նկարագրում են մեր բազմազանության միայն չնչին մասը։ ԴՆԹ նմուշների հավաքագրումը ոչ թե պատահական դոնորների կողմից էր արվել, այլ բավականին լուրջ և երկարատև աշխատանք է այն պահանջում, մասնակիցները պետք է լինեին միայն այն հայերը, որոնց բոլոր նախնիները սերում էին նույն տեղից։ Ցանկացած էթնոսի վերաբերյալ աշխատանք առաջին հերթին վերաբերում է ծագմանը, նրա հարաբերություններին, շփումներին հարակից ժողովուրդների հետ։

Բալկանյան երկրների ժողովուրդների հետ կապը մեզ համար այդքան էլ հիմնավորված չէ, քանի որ այնտեղ չկան աղբյուրներ, չկան հիշատակումներ։ Փաստորեն, հարուցում էր կասկած։ Մենք այդ վարկածը ստուգել ենք սկսած 2000 թվականից՝ կրկին մայրագծային և հայրագծային ճանապարհով։ Մենք արդեն վստահաբար հերքում ենք այդ թույլ տեսությունը, որը պատմագիտության մեջ ցավոք տիրում է։ Մենք վերցրել ենք պատմական տարբեր շերտերը, այսինքն՝ ոչ մի դեպքում ոչ մի զուգահեռներ ոչ գենետիկական կապեր, նմանություն չենք ստացել»։

Հարցին՝ եթե ոչ Բալկանյան երկրների ժողովուրդներից են սերում հայերը, ապա որտեղի՞ց են սերում և ե՞րբ են բնակվել հայկական լեռնաշխարհում, Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ հայերի արմատները բավականին խորն են

«Մեր կենսաբանական արմատները վերաբերում են 3 աղբյուրի՝ Կովկասյան որսորդներն են, որոնք ապրել են այստեղ 40-50 հազար տարի առաջ, հետո նոր ալիք է եկել մոտ 10 հազար տարի առաջ, որոնք եղել են հողագործները, նրանք հասել են Հայկական բարձրավանդակ Մերձավոր Արևելքից։ Այնպես է ստացվել, որ այդ ալիքը բավականին հզոր է եղել և այսօր մեր գենոֆոնդում մոտ 60 տոկոսը այդ ալիքի գենոֆոնդն է։ Այսինքն՝ Մեր գենոֆոնդը մոտավորապես 60-70 տոկոս Մերձավոր Արևելքից եկած երկրագործների գենոֆոնդն է, 30-40 տոկոսը բնիկ Կովկասյան գենոֆոնդն է, և չնչին մի քանի տոկոսը՝ եվրոպականն է, որը եղել է կամ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ, կամ Հռոմի կայսրության ժամանակ։ Թուրքական, արաբական հետքեր սակայն այստեղ չկան։ Ամբողջական գենոմի ուսումնասիրությունը կարծես վերջնական պատասխանն է տալիս, որ իրոք մեր գենոֆոնդը զերծ է մնացել այդ գենետիկական շփումներից։ Գուցե տեղի են ունեցել, սակայն մեր գենոֆոնդը չի ընդունել դրանց»։

Եվս մեկ տեսակետ է հերքվում աշխատությունում, Եպիսկոպոսյանն ասաց, որ սասունցիները չունեն ասորական ծագում

«Սասունցիների մասին նորից կան ոչ այնքան հավաստի տվյալներ։ Եթե հայերի մասին խոսելիս հիմնվում են Հերոդոտոսի 3 տողի վրա, ապա սասունցիների պարագայում ավելի ծավալուն է այդ ինֆորմացիան։ Ինֆորմացիան սկսում է Աստվածաշնչից, որտեղ գրվում է, որ ասորական թագաժառանգները հոր սպանությունից հետո փախել, եկել են այդ տարածաշրջան, այնտեղ գրված է Արարատյան սարեր, թե դա ո՞րն է, դա Սասո՞ւնն է չկա ճշգրտություն։ Դրա հիման վրա եկել են այն եզրահանգմանը, որ բնակիչները այնտեղ են եկել Ասորեստանից։ Դա դժվար է ստուգել, քանի որ ոչ պատմական աղբյուրներն են շատ դրա մասին, ոչ էլ ունենք հնարավորություն այն վերստուգելու։ Միակ ճանապարհն այն աղբույրն է, որը մեր գեներում է գրված, այսինքն՝ այն տեղեկությունն է, որը գեներում է գրված, մենք տեսնում ենք, որ ունենալով տվյալներ և՛ ասորական, և՛ հայկական, և՛ սասունցիների գենոֆոնդերը, տեսնում ենք, որ սասունցիները ոչ մի բանով չեն տարբերվում հայկական գենոֆոնդից։ Տարբերությունն այն է, որ մի քանի հազար տարի առաջ սասունցիների գենոֆոնդում տեղի է ունեցել քանակի կտրուկ նվազում։ Դա կապված է եղել նրա հետ, որ նրանք ստիպված են եղել մի ավելի բարենպաստ պայմաններից գնալ ավելի բարձրադիր գոտիներում ապրելու։ Դա ստուգելու համար միակ ճանապարհը գենետիկական ճանապարհն է»։

News.am