ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ

Հանգստյան օրերը հարուստ էին իրադարձություններով: Դեկտեմբերի 7-ին Հայաստանում ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Դեկտեմբերի 8-ին վառեցին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Պետք է արժանին մատուցել Ավինյանին, որ համբերեց մինչև ողբերգության տարելիցի օրն անցնի։ Սկզբունքորեն լույսերը կարող էին վառել նաև նոյեմբերի 8-ին։

Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Որ ժողովուրդը մի լավ պարի՝ տրանսպորտի գնի, անշարժ գույքի հարկի ու այլևայլի հետամանորյա թռիչքից առաջ։

ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ ԷՐ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ։ Նշեցին սիրիական իրադարձությունները, որտեղ «բռնապետ» Ասադին փոխարինելու է գալիս «ժողովրդավար», Ալաիդայի նախկին հրամանատար Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին, որը նախկինում տարբեր երկրների ցուցակներում նշվում էր որպես թիվ մեկ ահաբեկիչ:

Բոլո՞րն են հիշում Վանգային, որը ժամանակին ասել է, որ Դամասկոսի անկումից հետո աշխարհում կսկսվի հերթական մեծ շիլափլավը։ Գուցե դա՞ է պատճառը, որ Ավինյանն այդքան շտապում էր տոնածառ դնել։

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին, բայց Գյումրիում Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերաօծման արարողությանը չմնաց: Հրավիրված էր Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը, որտեղ լուսանկարվեց Մակրոնի, Թրամփի և Մասքի հետ։

Որքան էլ տարօրինակ է, լուսանկարներում նա մի քիչ տխուր է։ Իհարկե, կարելի է տխրել տարբեր պատճառներով, օրինակ՝ տարրական հոգնածությունից։ Միայն թե տխուր Փաշինյանի խորապատկերին մի տեսակ շատ ուրախ են դիտվում Մակրոնը, Թրամփն ու Մասքը։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք ինչ-որ հարցում աջակցում են Փաշինյանին, որ չտխրի, ինչ-որ բանի համար մխիթարում։ Անցյալի՞ համար: Դժվար թե։ Անցյալը՝ Արցախը, արդեն ավարտվել է։ Դրա համար Փաշինյանին արդեն մխիթարել են։ Ավելի շուտ՝ ապագայի համար:

Սիրիայի իրադարձություններն, անշուշտ, հարված են Ռուսաստանի ու Իրանի դիրքերին և ուժեղացնում են Թուրքիայի դիրքերը։ Առհասարակ պատկերն առանձնապես հանելուկային չէ։ Արդեն ասել ենք, որ մինչև օվալաձև աշխատասենյակ Թրամփի մտնելը Արևմուտքի գլխավոր խնդիրը Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելն է, որպեսզի հետո Թրամփի համար ավելի հեշտ լինի պայմանավորվել Պուտինի հետ։ Ենթադրվում է, թե այդպես ավելի հեշտ կլինի։

Սկզբում արագ խաղաղություն կնքեցին Իսրայելի և Հըզբոլլահի միջև։ Այն ժամանակ փորձում էինք կռահել, թե ում է դա ձեռնտու։ Հիմա երևաց, թե ում։ Լիբանանում մի փոքր ազատելով ձեռքերը՝ Իսրայելն արդեն մտել է Սիրիա, կարկանդակի իր բաժինը ճանկելու։

Պետք է ենթադրել, որ Ասադին տապալելու գործողությունը ծրագրված էր հանգամանորեն և, հետևաբար, իրականացվեց շատ սրընթաց։ Կարելի է միայն ուրախանալ Ասադի համար, որը չարժանացավ Քադաֆիի և Հուսեյնի ճակատագրին, որոնց ժամանակին հոշոտման նետեցին երբեմնի գրեթե մտերիմ ընկերների երախը. առաջինի դեպքում՝ ֆրանսիացիների, երկրորդի դեպքում՝ ամերիկացիների։ Ռուսներն Ասադին փրկեցին, չլքեցին, թեև ակնհայտորեն դժգոհ էին վերջին օրերի նրա գործողություններից։

Ուրեմն ինչո՞ւ է տխրում Փաշինյանը Փարիզում՝ տոն-քաղաքում, լուսանկարվելով Մակրոնի, Թրամփի և Մասքի հետ։ Ենթադրվում է, որ տխրում է կանխատեսումներից, որ Սիրիայից հետո Էրդողանը կհիշի «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Սակայն, կարծում ենք, Փաշինյանի վիշտը դրա հետ չէ կապված։ Նա դեռևս մտավախություն չունի, թե Թուրքիան ու Ադրբեջանը հապշտապ ռազմական գործողություններ կձեռնարկեն։ Ըստ երևույթին, Փաշինյանի դարդն ուրիշ դարդեն է։

Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից և Փարիզ հրավիրվելուց, Ելիսեյան պալատում ընթրելուց ու Մակրոնի, Թրամփի և Մասքի հետ լուսանկարվելուց հետո, Թրամփի երդմնակալության նախաշեմին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ծրագրում հերթը Հայաստանի վարչապետինն է, նա պետք է քայլ անի: Օրինակ՝ վերջնականապես խզի կապերը ՀԱՊԿ-ի հետ

Դատելով Փաշինյանի տրտմությունից՝ նա պատրաստ է այդ «ավելի մեծ թռիչքին»։ Գուցե, այո, կուզենար էլի ձգձգել կամ հարցը դնել հանրաքվեի, ինչը շատ ավելի ազնիվ կլիներ... Բայց համաձա՞յն են արդյոք սպասել «մխիթարիչները»: