Հալեպում դեկտեմբերի 16-ից կբացվեն դպրոցները. Գաբրիելյանը` քաղաքում տիրող իրավիճակի մասին

Հալեպում դեկտեմբերի 16-ից կբացվեն ուսումնական հաստատությունները, ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը։

Նա նշեց, որ Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։

«Այսօր որոշում կայացվեց բացել կրթական կենտրոնները` համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները։ Աշակերտները, ուսանողները սովորականի նման կվերադառնան նորմալ դասապրոցեսի»,–ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` զինված անձանց ներկայությունը քչացել է, պարետային ժամ այլևս չկա։

«Մարդիկ վաղվանից կվերադառնան իրենց աշխատանքին։ Այսօրվանից գործում են ճաշարանները, սրճարաններն ու ռեստորանները։ Ճաշարաններ կան, որ մի քանի օր է` բաց են։ Շատերը կոչ են անում տոնական մթնոլորտ ապահովել Սուրբ ծննդյան շաբաթից առաջ։ Քրիստոնյա համայնքները պատրաստվում են Ամանորին, նույնիսկ սկսել են փողոցները զարդարել»,– ասաց նա։

Գաբրիելյանի խոսքով` նոր իշխանությունները խրախուսում են, որ փոքրամասնություններն իրենց տոները նշեն, ինչպես դա անում էին նախորդ տարիներին։

«Այսօր Սուրբ Հակոբի տոնն է, և, ինչպես ամեն տարի, այսօր էլ եկեղեցում սուրբ պատարագ մատուցվեց, ջրօրհներգ եղավ»,–ասաց նա։

Անդրադառնալով օդանավակայանների աշխատանքին` Գաբրիելյանը նշեց` իրենց խոստացել են, որ առաջիկայում և՛ Դամասկոսի, և՛ Հալեպի օդանավակայանները կսկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր ավտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտն աշխատում է, թեև ոչ այնքան ինտենսիվ, քանի որ մի շարք ընկերություններ դեռ փակ են։ Այս պահին քաղաքում ջրի խնդիր կա. բախումների հետևանքով վնասվել է ջրամատակարարման համակարգը։