Վարազդատ Լալայանը պարգևատրվեց աշխարհի առաջնության ոսկե մեդալով

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ +109 կգ քաշային կարգի հաղթողի և մեդալակիրների պարգևատրման արարողությունը: Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը պարգևատրվեց աշխարհի առաջնության երկամարտի ոսկե, պոկում վարժության ոսկե և հրում վարժության փոքր բրոնզե մեդալներով:

Վարազդատ Լալայանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց դրոշը:

Վարազդատ Լալայանը իր մարզական կարիերայում առաջին անգամ մեծահասակների պայքարում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երկամարտում օլիմպիական փոխչեմպիոնը գրանցեց 467 կգ արդյունք (215+252):

Երկամարտի 459 կգ արդյունքով արծաթե մեդալը նվաճեց իրանցի Ալի Դավուդին (206+253), բրոնզե մեդալակիրը 456 կգ արդյունքով իրանցի Ալիռեզա Յուսեֆին է (194+262):

Բահրեյնը ներկայացնող օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը 455 կգ-ով 4-րդն է (210+245):

Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն և ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն և ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն և ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն և ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:

2023 թ. ապրիլին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):

2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252) նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը, Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245) և դարձավ բրոնզե մեդալակիր:

News.am