«Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքում ռազմարդյունաբերական կլաստերի ստեղծումը գրեցին սառույցի՞ն
Կառավարությունն իր այսօրվ՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշեց «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերությունը զբաղվել է արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի, ժողովրդական սպառման ապրանքների, բժշկական, հատուկ նշանակության արտադրատեսակների և սարքերի մշակմամբ, արտադրությամբ և իրացմամբ, իրականացրել է հետազոտություններ ու մշակումներ բնական գիտությունների, ճարտարագիտության բնագավառներում և գիտատեխնիկական սպասարկման ոլորտում, իրականացրել է արտաքին տնտեսական, առևտրային, միջնորդական և ֆինանսական գործունեություն։
Ընկերությունն արդեն մի քանի տարի է ինչ գործունեություն չի ծավալում և ֆինանսական մուտքերն ապահովում է ընկերության տարածքը և շարժական գույքը վարձակալությամբ տրամադրելու դիմաց վարձավճարների հաշվին։
Ընկերությունը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղական համայնքի վարչական տարածքում։ «Գալակտիկա» ՓԲԸ-ի անշարժ գույքն իրենից ներկայացնում է 60,0 հա մակերեսով հողատարածք և 13546.6 քառ.մ մակերեսով շենք-շինություններ:
Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՏԿԵ նախարարությանը վերապահելու ՀՀ կառավարության որոշման հիմնավորման հիմքում դրված էր «Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքում ռազմարդյունաբերական կլաստերի ստեղծումը, սակայն այդ կլաստերի վերաբերյալ ծրագիրը, տեսլականը, ձևավորվման ժամանակացույցը, ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը բացակայում են, ինչպես նաև առկա չէ ՀՀ պետական բյուջեի վրա ֆինանսական ազդեցության գնահատականը։
News.am