Փաշինյանը ցանկանում է ԶՊՄԿ բաժնետոմսերի պետական փաթեթը բորսա դուրս բերել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի պետական փաթեթը` 21,8 % բորսա դուրս կբերվի, սակայն մինչ այդ ընկերությունը պետք է դուրս գա կորպորատիվ կառավարման նոր մակարդակի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր բաժնետոմսերի փաթեթը պետք է օգտագործի այդ նպատակին հասնելու համար, ընդ որում` պետք է այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի այդ բաժնետոմսերը գնեն ոչ թե կորպորացիաները, այլ ՀՀ հասարակ քաղաքացիները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ կոմբինատի հիմնական բաժնետեր «Գեոպրոմայնինգ» ընկերության հետ խորհրդակցությունները ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ և պատրաստվում են հրավիրել գերմանական խորհրդատվական ընկերությանը` կորպորատիվ կառավարման թափանցիկությունը բարձրացնելու համար:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրեց, որ հաջորդ տարի, բացի ֆինանսական հաշվետվությունից, ԶՊՄԿ–ն կհրապարակի ևս երեք հաշվետվություն՝ կայուն զարգացման, բնապահպանական և սոցիալական պատասխանատվության վերաբերյալ:

Նրա խոսքով` այդ հաշվետվություններից հանրությանը պարզ կդառնա, որ կոմբինատի շահույթն ավելի ցածր է եղել բնապահպանական նախագծերի լրացուցիչ ծախսերի պատճառով:

Նշենք, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ԶՊՄԿ–ն ՀՀ պետական բյուջե է վճարել է 33 մլրդ 259 մլն դրամ` որպես կառավարության շահաբաժին։

Հիշեցնենք, որ 2021 թ. սեպտեմբերին ԶՊՄԿ մեծամասնական բաժնետեր է դարձել ռուսական «Գեոպրոմայնինգ» կորպորացիան, որը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել կոմբինատի բաժնետոմսերի 15 %–ը։

Sputnik Արմենիա