ՀՀ-ն, Հունաստանն ու Կիպրոսը ստորագրել են պաշտպանական համագործակցության 2025 թ-ի ծրագիրը

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը պաշտպանական խորհրդակցություններ են անցկացրել, որոնց արդյունքում ստորագրել են պաշտպանական համագործակցության ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։

«Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։

Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։

Կողմերը կարևորել են պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։

Sputnik Արմենիա