Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումը կարող է 1 ամսով հետաձգվել

Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու գների փոփոխությունը 2025 թվականի հունվարի 1-ից կարող է տեղափոխվել մինչև փետրվարի 1-ը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ հունվարի 1-ից Երևանն ամբողջապես անցնելու է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։

«Երևանի ավագանու դեկտեմբերի 24–ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել: Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել»,– գրել է Կոստանյանը։

Միևնույն ժամանակ նաև նշել է, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել, անցում կկատարվի ամբողջական էլեկտրոնային վճարման:

Հարցին, թե երբ և ինչպես պետք է կարողանան երևանցիներն օգտվել այդ համակարգից, Կոստանյանն ընդգծել է` հունվարից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել յուրաքանչյուրի նախընտրելի տոմսային փաթեթները:

Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ` քաղաքացիների համար նախընտրելի տարբերակով: Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:

Sputnik Արմենիա