Սլովակիայի վարչապետը հանդիպել է Պուտինի հետ Կրեմլում

Սլովակիայի վաչապետ Ռոբերտ Ֆիցոն մեկնել է Ռուսաստան և հանդիում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուսական գազի մատակարարումները դադարեցնելու սպառնալիքի ֆոնին։

«ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներ դեռ ուրբաթ տեղեկացվել են իմ ուղևորության և նրա նպատակի մասին։ Իմ այսօրվա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու [բառերի] արձագանքն է, որը հինգշաբթի պատասխանել է իմ անձնական հարցին, որ նա դեմ է գազի ցանկացած տարանցման Ուկրաինայով մեր տարածք»,- գրել է Ֆիցոն «Ֆեյսբուքի» իր էջում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը կողմ է ռուսական ատոմային ճյուղի դեմ պատժամիջոցներին։ «Այդ դիրքորոշումը ֆինանսական վնաս է պատճառում Սլովակիային և սպառնալիքի տակ դնում էլեկտրաէներգիայի արտադրությունը սլովակյան ատոմային էլեկտրակայաններում, ինչն անընդունելի է»,- նշել է Ֆիցոն։ Նա ավելացրել է, որ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել գազ մատակարարել Սլովակիա, բայց դա «գրեթե անհնար կլինի 2025թ. հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը»։

Բացի այդ, Ֆիցոն Պուտինի հետ կարծիքներ է փոխանակել Ուկրաինայում «պատերազմի շուտափույթ խաղաղ ավարտի հնարավորության», ինչպես նաև Սլովակիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Ֆիցոյի և Պուտինի առերես հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի երեկոյան Կրեմլում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար համար համատեղ հայտարարությունների։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2025թ. հունվարի 1-ին։ Կիևը բազմիցս հայտարարել է, որ չի նախատեսում երկարաձգել համաձայնագիրը։ Միաժամանակ, Ուկրաինայի իշխանությունները նշել են, որ պատրաստ են գազ տեղափոխել իրենց գազատրանսպորտային համակարգով, եթե վառելիքը Ռուսաստանից չլինի։

News.am