Ազատի կացարանի գործով մեղադրյալ Ռ. Մաթևոսյանի մասով վարույթն անջատվել է

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։ Այս մասին իր էջում գրել է տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորիկ Նորիկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։

Ռ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»:

News.am