Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետով է սպառնում. Վանեցյանը` ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քննադատել է Հայաստանի և ԱՄՆ–ի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը` անվանելով այն հապճեպ և հնարավոր հետևանքները հաշվի չառնող։

Իր սոցցանցերում նախկին պաշտոնյան և «Հայրենիք» կուսակցության ղեկավարը գրել է, որ ցանկացած պետական որոշման հիմքում պետք է դնել երկրի շահերը։ Մինչդեռ, ըստ Վանեցյանի, այս պարագայում ակնհայտ է այլոց շահերից բխած շտապողականությունը։

«Ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Իր հերթին ՌԴ-ն ըստ էության հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության հարց և մնալ ԵԱՏՄ անդամ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել մեր հայրենիքի գլխին»,– գրել է Վանեցյանը։

Նշենք, որ հունվարի 14–ին Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Երևանի և Վաշինգտոնի ստորագրած փաստաթուղթն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ, որտեղ ամերիկացիները մտադիր են «աջակցել» Հայաստանին։ Դրանք են` տնտեսությունը (ներառյալ էներգետիկան), պաշտպանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը և արդարադատությունը։

Այսպես, համագործակցության բաղադրիչներից մեկը կլինի սահմանային անվտանգությունը և համապատասխան համատեղ հանձնաժողովի ստեղծումը: Դրա շրջանակներում շուտով Հայաստան կժամանի մաքսային և սահմանային հսկողության խումբը` սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով։ Երևանը միանում է նաև ԻՊ–ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիային։

Հատկանշական է, որ փաստաթուղթը ստորագրել է Բայդենի հեռացող վարչակազմը։ Թե ինչպիսին կլինեն դրա իրականացման հեռանկարները Դոնալդ Թրամփի օրոք, պարզ չէ։

Sputnik Արմենիա