ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՏԵԳՐՎՈՒՄ Է ԵՄ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՏԻՏԱՆԻԿԻ» ՏՈՄՍ ՀԱՆՁՆԵԼ ՆՐԱՆ

Հայաստանը հայտարարել է Եվրամիությանն ինտեգրվելու ծրագրերի մասին՝ ընդհուպ մինչև մշտական անդամի կարգավիճակ, մինչդեռ դաշինքի ապագան ամենևին էլ վարդագույն չի թվում։ Ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում քաղաքագետները համեմատում են Դոնալդ Թրամփին Հիտլերի հետ՝ նկատի ունենալով եվրոպական պետությունների նկատմամբ վերաբերմունքը: Ռուս քաղաքագետներից մեկի դիպուկ արտահայտությամբ՝ Թրամփը ծնկին զարկելով կկոտրի եվրոպական երկրների ողնաշարը, արմատավորելով ամերիկացիների՝ որպես բացառիկ ազգի հայեցակարգը։

Մի շարք կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տարիներին կաճի ամերիկյան ընկերությունների ճնշումը եվրոպական երկրների տնտեսության վրա։ Թրամփն արդեն փորձում է եվրոպական պետությունների ուսերին բարդել Ուկրաինային տրամադրվող օգնության հիմնական բեռը։ Իրադարձությունների այդօրինակ զարգացումը կհանգեցնի ԱՄՆ-ի հետ ԵՄ անդամ երկրների առճակատման և Եվրատլանտյան համագործակցության փլուզման։

Տեսանելի հեռանկարում Եվրամիությունը կվերածվի ԵԱՏՄ-ի ինչ-որ նմանօրինակի, այլ կերպ ասած՝ առաջին պլան դուրս կգա տնտեսական համագործակցությունը, մինուս Բրյուսելը՝ որպես եվրոպական քաղաքականության գործոն։ Թրամփի երդմնակալությունից դեռ շատ առաջ արդեն խոսվում էր այն մասին, որ հանրապետականների քաղաքականության առաջին պլան են դուրս գալու տնտեսական շահերը, ինչպես նաև անվտանգության ապահովման խնդիրները։ Հատկանշական է, որ ապագայի վերաբերյալ բոլոր կանխատեսումներն արդեն այսօր կառուցվում են ՀՌԳ-ի գործոնի և ուկրաինական շահերի շրջանցումով։ Սա արդեն լուծված հարց է։

Գլոբալ քաղաքականության ապագան համաշխարհային դերակատարներին պատկերանում է տնտեսական մրցակցության սկզբունքորեն նոր հիմքի վրա։ Ռուսաստանում արդեն խոսում են այն մասին, որ նավթագազային վերջին պատժամիջոցներն ամենևին էլ Ուկրաինայի մասին չէին, այլ վառելիքի համաշխարհային շուկայի։ ԵՄ-ում Էներգետիկ ճգնաժամն արդեն իրականություն է

Ռուսաստանը սերտորեն զբաղվում է լցանավային խոշոր նավատորմի նկատմամբ պատժամիջոցների հաղթահարմամբ, Չինաստանում էներգիայի սպառման աճը նոր հեռանկարներ է բացում։ Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ ՌԴ ռազմավարական և նույնիսկ դաշնակցային հարաբերությունները անվտանգության նոր գլոբալ համակարգի մասն են։ ԿԺԴՀ-ն միջուկային տերություն է, Իրանը ոչ այնքան ձգտում է մտնել ՌԴ-ի միջուկային հովանու ներքո, որքան փորձում ժամանակ շահել, որպեսզի ավարտին հասցնի միջուկային սպառազինությունների ստեղծման միջոցով անվտանգության ապահովման սեփական ծրագիրը:

Այդ դաշինքներն ուղղված են ապագային, մինչդեռ Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին դժվար թե կարելի է բնութագրել որպես մտածված ու հիմնավորված քաղաքականություն։ Ինչ վերաբերում Է Եվրամիության ներկայիս վիճակին, ապա գործընկերներից մեկի դիպուկ արտահայտությամբ՝ այդ միությունը կարելի է համեմատել ծովախոզուկի հետ։ Այդպես են անվանել այն կենդանուն, որը ոչ մի կապ չունի ծովի հետ և ընդ որում խոզուկ էլ չէ: Այլ կերպ ասած, Հայաստանն ինտեգրվում է ԵՄ-ին, որն ակտիվորեն կորցնում է քաղաքական բաղադրիչը. սա արդեն այն կառույցը չէ, որ գոյություն ուներ նախքան ռուս-ուկրաինական հակամարտության սկիզբը։

Իշխող ռեժիմի վերնաշերտը սաստիկ ռիսկի է դիմում, քանզի նրա հռետորաբանությունը կարող է հանգեցնել Հայաստանի դեմ Մոսկվայի պատժամիջոցների։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարող է անընդհատ կրկնել, թե Հայաստանը նպատակ չունի դուրս գալ ԵԱՏՄ-ից. փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախազգուշացումը շատ կոնկրետ էր: Փաշինյանը վտանգում է Հայաստանի ապագան, որը կարող է դուրս հայտնվել ԵԱՏՄ-ից, որտեղ արտոնյալ պայմաններ ունի գազ գնելու և իր ապրանքները եվրասիական ահռելի շուկա արտահանելու համար։ Ռուսաստանը կարող է կանխարգելիչ քայլերի դիմել, իսկ հայ ժողովուրդը կտուժի։ Պապոյանն ասում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի քննարկում, փոխարենը, դատելով Օվերչուկի արձագանքից, հարցը քննարկում են Ռուսաստանում, և այդ քննարկումները կարող են հետևանքներ ունենալ: Ավաղ, մեծ ու փոքր փողոցներից իշխանության եկած խուժադուժը ի վիճակի չէ երկու քայլ առաջ մտածել

Եվրոպական ինտեգրման հետեվանքները թուրքական կապիտալի գերիշխանության տեսքով արդեն զգացել է Վրաստանը, որը յուրաժամանակ որոշեց հետ կանգնել աղետալի ուղուց՝ տնտեսությունը պահպանելու համար։ Աշխարհը կառուցում է անվտանգության նոր համակարգ, նույնիսկ Բուլղարիան հանդես է եկել Օդեսայի մարզի (նախկին Հարավային Բեսարաբիա) հարավի նկատմամբ նկրտումներով։ Ուկրաինայի տարածքի մասնատումն արդեն գրեթե կատարված փաստ է։ Ռուսաստանը հստակեցնում է իր ազդեցության ոլորտները։ Ռումինիայում օրերս բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան երկրի ներկայիս ղեկավարի նախագահության երրորդ ժամկետի դեմ: Հիշեցնեմ, որ այդ երկրում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի չունեցավ Սահմանադրական դատարանի կողմից 1-ին փուլի արդյունքների չեղարկման պատճառով։ ՍԴ-ն որոշեց, թե քվեարկության արդյունքները պայմանավորված էին Ռուսաստանի միջամտությամբ

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ուղեգծին սպասում է նույնպիսի ձախողում, ինչպես որ ձախողվեց Ադրբեջանի հետ խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրումը 2023-ի տարեվերջին, 2024-ի տարեվերջին և այլն։ Ավաղ, այդ ճանապարհին իշխող վերնաշերտի պարագլուխը և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու կողմնակիցները՝ արևմտամետների դիմակ հագած, կարող են ավարտին հասցնել հայկական տնտեսության փլուզումը, որն առանց այդ էլ հոգեվարքի մեջ է անմտածված հարկային քաղաքականության, խոշոր ներդրումների և իրական մասնահատվածի խթանման բացակայության պատճառով։ Քանի դեռ Հայաստանն ինտեգրվում է ԵՄ-ին, Ռուսաստանն առաջ անցնելով ինքը կարող է «Տիտանիկի» տոմս հանձնել նրան։ Օվերչուկի նախազգուշացումը վերաբերում էր հենց այդ հեռանկարին, ափսոս, որ դա անցավ սրանց ականջի կողքով։

Բոլոր շեշտադրումները կհստականան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարելիք առաջիկա այցի արդյունքում, որտեղ նրան հանգամանորեն կբացատրեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագրի ստորագրման և ԵՄ-ին շուտափույթ ինտեգրման հետևանքները