Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք Բաքվում պահվող հայ գերիների համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագից հետո կատարվել է միասնական աղոթք հայ գերիների համար։ Հայտնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։

Աղոթքը կատարվել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հանդիսապետությամբ։

«Աղոթք է բարձրացվել առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար»,– նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Sputnik Արմենիա