Ռուսաստանում 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցելու պահանջով հայց են ներկայացրել «Ջերմուկ գրուպի» դեմ

2024 թվականի փետրվարի 12-ին թունավորումից մահացած ռուս գործարար Օլեգ Գուսովի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլի փոխահոտւցելու պահանջով հայց է ներկայացրել հայկական «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ, գրում է «Կոմերսանտը»։

Տուժողի մահվան մեջ հարազատները ընկերությանն են մեղադրում՝ պնդելով, որ մահը վրա է հասել հանքային ջուրն օգտագործելուց հետո, որում, ըստ նրանց, «քացախաթթու կար»։

«Վնասի վերականգնման մասին» հայցը ներկայացվել է Վլադիկավկազի խորհրդային շրջանային դատարան՝ Գուսովի այրու և երկու դստեր անունից։

Հայցով պատասխանողներ են հանդիսանում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն (Երևան), Ռուսաստանում ընկերության ներկայացուցիչ «Ջերմուկ հանքային ջուր» ՍՊԸ-ն և այն ԱՁ-ն, որոնց միջոցով անցել է ապրանքը:

Նախորդ տարվա փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածք ստանալու մասին հաղորդումից հետո։

ՌԴ Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի քննչական վարչությունում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ «Ջերմուկ գրուպը»-ն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան բացառել էր գործարանում շշալցված «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը: Ընկերությունն իր հայտարարությունում ընդգծել էր, որ հանքային ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։

Փետրվարի 23-ին Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն «անհիմն» և «տարակուսելի» էր որակել «Ռոսպոտրեբնադզորի»՝ ՌԴ-ում 2,5 միլիոն շիշ «Ջերմուկի» իրացումը կասեցնելու մասին որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել։