Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը
Շվեյցարական Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՀ), որը կտևի մինչև հունվարի 24-ը, հայտնել է Euronews-ը։
Նշվել է, որ համաժողովի թեման լինելու է Համագործակցությունն ինտելեկտուալ դարաշրջանի համար: Համաշխարհային առաջնորդները կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսին են աշխարհատնտեսական անորոշությունը, արհեստական բանականությունը, աճի վերիմաստավորումը և մոլորակի պաշտպանությունը:
Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 3 հազար հյուրեր ավելի քան 130 երկրներից։ Մոտ 350 պաշտոնյաներ, այդ թվում՝ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ բոլոր կարևոր շրջաններից նույնպես ներկա կլինեն Դավոսում։
Առաջատար քաղաքական առաջնորդների շարքում, որոնք կմասնակցեն համաժողովին, ընդգրկված են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը (տեսակապի միջոցով կմիանա մասնակիցների ինտերակտիվ երկխոսությանը) և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, առաջնորդներ Եվրոպայից, Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից և Ասիայից։
Համաժողովին կմասնակցեն նաև ավելի քան 1 600 բիզնես-առաջնորդներ, այդ թվում առաջատար ընկերությունների և ՀՏՀ գործընկեր ընկերությունների ավելի քան 900 ղեկավարներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որը տեղի է ունենալու հունվարի 20-24-ին։
News.am