HRW․ Բաքուն էական քայլեր չի ձեռնարկել Արցախ հայերի անվտանգ վերադարձի ապահովման համար

Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը չի կարողացել էական քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղից հարկադրված հեռացած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու կամ նրանց սեփականության իրավունքները վերականգնելու համար, նշվել է Human Rights Watch-ի անցած շաբաթ հրապարակած տարեկան հաշվետվությունում:

Հայաստանին նվիրված բաժինը

Հաշվետվությունում նշվել է, որ 2024թ. ընթացքում հանրային քննարկումներում գերակշռում էր անապահովության զգացումը` կապված Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության հետ:

Երկրորդ տարին անընդմեջ կազմակերպությունը հայտնում է Հայաստանի ոստիկանության կողմից չարաշահումների և այդ գործողությունների համար համաչափ պատժի բացակայության մասին։

Օրինակ՝ հունիսի 12-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ժամանակ ոստիկանությունը մոտ տարածությունից կիրառել է մեծ թվով խլացուցիչ նռնակներ: Ավելի քան 100 մարդ դիմել է բժշկական օգնության։

HRW-ն ընդգծել է, որ այն ժամանակ Հայաստանի օրենսդրությունը ոստիկանությանը օրինական հիմքեր չէր տրամադրում խլացուցիչ նռնակներ օգտագործելու համար, որոնք կիրառվել էին հունիսի 12-ին։ Ընդամենը մի քանի շաբաթ անց՝ հուլիսին, այդ նռնակները պաշտոնապես ներառվել են ՆԳՆ զինանոցում։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ պայմաններում դրանք կարող են օգտագործվել։

Հաշվետվությունում նշվել է նաև, որ դեպքից ավելի քան վեց ամիս անց խուլիգանության մեղադրանք է առաջադրվել 15 ցուցարարի, որոնցից մեկը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Միևնույն ժամանակ, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է, սակայն ոչ մի իրավապահի մեղադրանք չի առաջադրվել։

HRW-ն հիշեցրել է, որ ոստիկանության անպատժելիության վերաբերյալ նմանատիպ եզրակացություններ արվել են անցյալ տարի:

Հաշվետվությունում առանձին քննվել է Սամվել Վարդանյանի գործը, որը կալանավորվել էր ապրիլին իշխող կուսակցության պատգամավորի հետ վիճաբանությունից հետո։ Երիտասարդը հայտարարել է, որ կալանավայր տանող ճանապարհին իր վրա հարձակվել են դիմակավորված անձինք։ Թեև իշխանությունները հետաքննություն են սկսել, ավելի քան վեց ամիս անց ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել:

Դրական փոփոխությունների թվում կազմակերպությունը նշել է կառավարության հրաժարումը՝ ընդունելու վիճահարույց տեսահսկման օրինագիծը, որով երևանյան մասնավոր ընկերություններից պահանջվում էր տեսախցիկներ տեղադրել ոստիկանության շուրջօրյա մուտք ունեցող շենքերի մուտքերին։

HRW-ն տեղեկացրել է, որ 2024թ. առաջին կիսամյակում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների 43 դեպք։

Քաղաքական գործիչներն ու գործարարները շարունակել են դատի տալ լրագրողներին և լրատվամիջոցներին զրպարտության մեղադրանքով, ինչը սպառնում էր ֆինանսական տույժերով: Միաժամանակ, ավելացել են դեպքերը, երբ նման վեճերը դատարան դիմելու փոխարեն լուծվում են ԶԼՄ-ների էթիկայի հանձնաժողովի միջոցով։

HRW-ն նշել է, որ հունիսին Արդարադատության նախարարությունը հանրային մեկնաբանության համար ներկայացրել է հակախտրական օրինագիծ, որը չի նշում այնպիսի կատեգորիաներ, ինչպիսին են սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը, առողջական վիճակը կամ ամուսնական կարգավիճակը: Կազմակերպությունն ընդգծել է, որ եթե այդ ասպեկտները հստակ չհայտարարվեն, դատարանները և վարչական մարմինները կարող են անտեսել դրանք։

Հաշվետվությունում նաև նշվել է, որ մայիսին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լուծարել է անկախ հանձնաժողովը, որը 2018-ից վերահսկում էր երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հաստատությունները։ Կազմակերպության այս քայլը դիտարկվել է որպես հաշվեհարդար՝ հայտնաբերված խախտումների հրապարակման համար։

Ընտանեկան բռնության դեպքերի թիվը տարվա ընթացքում զգալիորեն աճել է։ 2024թ. առաջին վեց ամիսներին գրանցվել է 1 535 բողոք, ինչը գրեթե երեք անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Առնվազն չորս դեպքում սպանության զոհ են դարձել կանայք, որոնցից երեքին սպանել են ընտանիքի անդամները։

HRW-ն դրական է գնահատել ապրիլին ընդունված ընտանեկան բռնության մասին օրենսդրության փոփոխությունները, որոնք այժմ վերաբերում են նաև նախկին կամ ներկա չամուսնացած զուգընկերներին:

Սեռական փոքրամասնություններին պատկանող անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, բռնության և հալածանքների։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները գրանցել են ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ֆիզիկական բռնության 39 դեպք, որոնց մեծ մասը (27) կատարվել է նրանց ընտանիքի անդամների կողմից։ Եղել են նաև դեպքեր, երբ այս խմբի ուսանողները ծաղրուծանակի պատճառով դուրս են մնացել ուսումից:

HRW-ն ընդգծել է, որ խտրականության վախը և իշխանությունների հանդեպ վստահության բացակայությունը թույլ չեն տալիս զոհերին հայտնել ատելության հանցագործությունների մասին:

News.am