ՀՀ ԲԴԽ անդամի թեկնածուն խուսափեց բացատրություն տալ արցախցիներին վիրավորելու վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը խուսափել է պատասխանել Արցախից տեղահանված անձանց հասցեին իր սկանդալային արտահայտությունների մասին ընդդիմության հարցերին։

Նրա թեկնածության քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հիշեցրել են, որ Սիրունյանն ավելի վաղ սոցցանցում հրապարակումներ է արել, որոնցում արհամարհական է արտահայտվել տեղահանվածների մասին:

Գրառումներից մեկում նա հեգնանքով նշել էր, որ ղարաբաղցիները սկսել են համատարած «ժենգյալով հաց» վաճառել Երևանում ՝ հավելելով, որ շուտով կսկսեն «վրաններ տեղադրել Սայաթ-Նովայի պողոտայում, որովհետև «դրանից պակաս որևէ բանի համաձայն չեն»։ Ավելի ուշ այդ հրապարակումները ջնջվել են։

Պատգամավորների ճշտող հարցերին Սիրունյանը պատասխանել է, որ «յուրաքանչյուր ոք իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի»: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ լսել է այդ արտահայտությունների մասին, բայց անձամբ չի տեսել:

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հավելել է, որ Սիրունյանը բազմիցս հակասական մեկնաբանություններ է հրապարակել: Օրինակ, նա հեգնական հարց էր բարձրացրել «Ինչու են ուսանողները գնում սովորելու, եթե կարող են «Յանդեքս տաքսի» քշել»։

Սիրունյանի թեկնածությունն առաջադրվել է խորհրդարանական մեծամասնության կողմից։ Ըստ օրենքի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսը նշանակվում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված դատավորների թվից, մյուս կեսը՝ խորհրդարանի կողմից առաջարկված իրավաբան գիտնականների թվից: Խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով:

Sputnik Արմենիա