Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ԿԱՆԻ, ՈՐ ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԻ
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում Լիլիթի Մակունցի փոխարեն նոր դեսպան նշանակի։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետն ընդգծել է, որ հանրապետականների իշխանության գալու հետ մեկտեղ անհրաժեշտ են նոր դեմքեր, որոնք կկարողանան ավելի լավ և արդյունավետ աշխատել ԱՄՆ նոր իշխանության հետ։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները բացեիբաց աջակցում էին դեմոկրատներին, և չի բացառել, որ դեսպան Մակունցը Վաշինգտոնից վստահեցրել է, թե հաղթելու է Քամալա Հարիսը, պետք է նրա վրա ամբողջական խաղադրույք կատարել:
«Սա ճակատագրական սխալ էր, և «պլան Բ», բնականաբար, չկար: Հանրապետականները շատ լավ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերմունքի մասին: Մակունցն այնքան անթաքույց վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելիս էլ դրա մասին խուսափում է գրառումներ կատարել դեսպանության ֆեյսբուքյան էջում (թեկուզ երդմնակալության պաշտոնական արարողություններից մեկին ի թիվս այլ դեսպանների մասնակցելու վերաբերյալ)»,– նշել է Սուրենյանը։
Բացի այդ, քաղաքագետը շեշտել է, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով:
Քաղաքագետը վստահ է, որ Թրամփի վարչակազմի հետ մեր լոբբիստական և շահերի պաշտպան կազմակերպություններից զատ կարող է շատ արդյունավետ աշխատել Հայ առաքելական եկեղեցին, մանավանդ որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդեն իսկ ստացվել է, ուստի Գարեգին Երկրորդի հետ էլ կստացվի:
Հիշեցնենք` Մակունցը ԱՄՆ դեսպան է նշանակվել 2021 թվականի օգոստոսին։