Սիրիան խզել է ռուսական ընկերության հետ Տարտուս նավահանգստի կառավարման պայմանագիրը

Սիրիայի նոր իշխանությունները խզել են Տարտուս ծովային նավահանգստի կառավարման ներդրումային համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական ընկերության հետ 2019 թվականին։ Այս մասին սիրիական Al Watan թերթին հայտնել է Տարտուս նահանգի մաքսային վարչության տնօրեն Ռիադ Ջուդին։

Նրա խոսքով՝ սիրիական անցումային կառավարությունն աշխատում է նավահանգստի վերակառուցման ուղղությամբ՝ փորձելով վերականգնել նրա լիարժեք գործունեությունը։ Մասնավորապես, Սիրիայի նոր իշխանությունները 60%-ով նվազեցրել են մաքսատուրքերը որոշ կատեգորիաների ապրանքների համար։ Պաշտոնյան նշել է, որ ծովային նավահանգիստը գործնականում չի գործում բարձր վճարների և նյութատեխնիկական ծառայությունների արժեքի պատճառով։

«Տարտուս նավահանգստում ներդրումների մասին պայմանագիրը, որը կնքվել էր ռուսական ընկերության հետ, չեղյալ է հայտարարվել։ Նավահանգստի գործունեությունից ստացված ողջ եկամուտը կօգտագործվի սիրիական պետության շահերից։ Նավահանգստի աշխատողները կվերադառնան մաշված սարքավորումների վերանորոգմանը, որոնք ընկերությունը օգտագործում էր առանց համաձայնագրով պահանջվող արդիականացման», - ասել է Ջուդին:

Սիրիայի կառավարությունը ներդրումային պայմանագիր է կնքել ռուսական «Ստրոյտրանսգազ» ընկերության հետ 2019թ: Համաձայնագիրը նախատեսված էր 49 տարվա համար։ Ըստ Սիրիայի տրանսպորտի նախկին նախարար Ալի Համուդի՝ փաստաթղթում նշվում էր, որ ռուսական կողմը կկառավարի նավահանգիստը և ավելի քան 500 միլիոն դոլար կներդնի դրա արդիականացման համար։

News.am