Սաղ մետրոն փակել է, երթևեկում է. առաջվա պես մտիր մեր մեջ, հարցրու՝ ի՞նչ խնդիր ունենք. տնտեսվարողը՝ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առևտրի օնլայն հարթակների տանիքը դուք եք, որ նրանց բեռներն ավելանում են, մեր բեռները՝ պակասում: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնունու շուկայի առևտրականներից մեկը:
Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
«Այսօր շատ մարդ կուզեր այս առևտրից դուրս գար, բայց խճճված փոսի մեջ են: Վարկը չփակած վերավարկավորվում են: Օնլայն հարթակներով ապրանքը բերում են առանց մաքսազերծման: Ես էլ եմ քաղաքացու համար բերում, եկեք ես էլ մաքսազերծում չանեմ, միայն շրջհարկ վճարեմ, այդ ժամանակ համաձայն եմ 10%-ին:
Մեզ մինչև վերջին կետը թալանել են, ուղղակի մենք փոսում ենք հայտնվել: Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, շատ հնարավորություններ է եղել դուրս գալու, ես ասել եմ՝ ինչի ես դուրս գամ, թող իրենք դուրս գան, որովհետև իրենք գնալու են 50 հոգի, մենք գնալու ենք 3 միլիոն: Անհայրենիք մարդը բանի պետք չի, միլիոնների մեջ էլ ապրես, դու պիտի հայրենիք ունենաս»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Նա նաև նկատեց, որ իրենց ստիպում են հաշվապահ պահել, ինչը իրենք չեն կարող անել. «Ես պարոն Փաշինյանին կասեի՝ վերանայեք ձեր օրենքները, մտածեք քաղաքացու մասին, հավերժական չեք: Ոնց որ քաղաքացին միավորվեց, ձեզ ընտրեց, ազգը նորից ոտքի կկանգնի ուդա շուտով է լինելու: Ինքը իրավունք չունի այս աղքատ երկրում 10 տոկոս շրջհարկ սահմանի»:
Տնտեսվարողն անդրադարձավ նրան, որ Փաշինյանը մետրոյով երթևեկել է. «Սաղ մետրոն փակել է, երթևեկում է: Երթևեկում ես, առաջվա նման պայուսակը ուսիդ արի, մտիր մեր մեջ, հարցրու՝ մենք ի՞նչ խնդիր ունենք:
Առևտրականները մի օր մինուսով աշխատում են, բայց տոկոս են տալիս։ Եթե ես կարողանամ անհատական հաշվապահ ունենամ, այդքան ամեն ինչը հաշվեմ, ես 20% չվաճառված ապրանքի համար ԱԱՀ չեմ մուծի։ Բայց չեմ կարող, ի վիճակի չեմ»,- ասաց նա: