150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում. Ավինյան

Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարածված տեսանյութում։

«Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում»,-ասել է նա։

«Մենք ուզում ենք, որպեսզի դուք փորձարկեք տոմսային համակարգը, տեսնեք դրա առավելությունները, մենք նախատեսում ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով։ Սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկամսյա փաթեթ հունվար կամ փետրվար ամիսներին, դուք ստանում եք միանգամից երկու ամսվա փաթեթ։ Եթե գնել եք եռամսյակային կամ տարեկան փաթեթներ, ևս ստանում եք հավելյալ մեկ ամիս», – ասել է նա։

Նա նշել է, որ քաղաքային իշխանությունների նպատակը երևանցիներին ծառայելն է, քաղաքն ավելի մատչելի և բարեկեցիկ դարձնելն է։

Նովոստի–Արմենիա