Էդուարդ Շարմազանով․ «Խաղաղության խաչմերուկ», «խաղաղության օրակարգ» այլևս գոյություն չունի

««Խաղաղության խաչմերուկ», «խաղաղության օրակարգ» այլևս գոյություն չունի, դա ընդամենը դատարկ թուղթ է, և յուրաքանչյուր նրա ասուլիսից առաջ կամ հետո Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, սրանք էլ խելոք իրականացնում են»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Իր ձախողումը քողարկելու համար Փաշինյանն իր թիմի հետ դիմեց էժանագին հնարքի. իբրև թե Հայաստանը գնում է ԵՄ։ Ալիևի հակահայ հայտարարություններից հետո փորձելով շեղել հայկական հանրության ուշադրությունը՝ Փաշինյանի կառավարությունը որոշեց դրական եզրակացություն տալ մի նախագծի, ըստ որի պետք է իրականացվի հանրաքվե, և կառավարությունը կողմ է արտահայտվում, որ Հայաստանը գնա դեպի ԵՄ։ Չմոռանանք, որ ընդամենը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հանրաքվեի կարիք չկա։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ նա առավոտյան մի բան է ասում, կեսօրին ու գիշերը մեկ այլ բան»,–նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, ԵՄ ոչ մի պաշտնյա նույնիսկ չի ակնարկել, որ Հայաստանին սպասում են այնտեղ։ Էդուարդ Շարմազանովի դիտարկամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՄ–ին անդամակցության հարցը օրակարգ բերելն ուղղակի ֆարս է։

«Փաշինյանը խոսում է ԵՄ–ի մասին, բայց միևնույն ժամանակ ցանկանում է մնալ ԵԱՏՄ–ի կազմում և ստանալ օգուտ։ Ռուսաստանի փոխվարչապետը նրան հստակ ասաց, որ անհնար է մնալ ԵԱՏՄ–ում և գնալ դեպի ԵՄ։ ԵՄ–ի հետ մենք ունենք դեռևս 2017 թվականի նոյեմբերին ստորագրված համագործակցության համապարփակ համաձայնագիր, որտեղ հստակ նշված է այն քաղաքական բարեփոխումների ուղին, որով պետք է անցներ ՀՀ–ն, սակայն Նիկոլ Փաշինյանը մի կողմ է դրել այդ փաստաթուղթն ու ընկել իր հերթական էժան փիառի հետևից։ Նշեմ, որ այդ համաձայնագրում ամրագրված էր նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից Արցախի ժողովրդին զրկեց Նիկոլ Փաշինյանը»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով, դեպի ԵՄ գնալը չի բխում Հայաստանի շահերից, որովհետև Հայաստանին այնտեղ չեն սպասում։

News.am