Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ԴԺՎԱՐ ԹԵ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ԱՅԺՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՈՐԵՎԷ ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼ ՁԵՌՆԱՐԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսրայելի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքի հարցեր, մասնավորապես քննարկվել է Իրանի հարցը՝ կա՛մ համաձայնության գալ, կա՛մ էսկալացիա։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ԱՊՐԻ Արմենիան» հետազոտական կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Բացի դրանից, քննարկվել են Գազայի ապագան, «Հըզբոլլահ»-ի և Եմենի հութիներին առնչվող հարցեր, ինչպես նաև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հնարավոր համաձայնագիրը»,- հավելել է նա։
Փորձագետը նշել է, որ Իսրայելի համար գլխավոր խնդիրներից են մնում Իրանի միջուկային օբյեկտները. Իրանն արդեն մեկ ամիս է, ինչ զորավարժություններ են անցկացնում՝ նախապատրաստվելով հնարավոր հարձակմանը։
«Սակայն ակնհայտ է, որ առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը հարվածի չի հասցնի Իրանին։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Իրանի դեմ լայնածավալ պատերազմով, բայց առավելագույն ճնշման քաղաքականություն է վարելու այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի ընդունել Միացյալ Նահանգների և Իսրայելի պայմանները»,- նշել է Մելքոնյանը։
Նա պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համաձայնագիր ստորագրել Իրանի հետ, հարցն այն է, թե ինչ ճանապարհով և ինչ գնով։
«Դժվար թե Միացյալ Նահանգներն այժմ կտրուկ քայլեր ձեռնարկի Իրանի դեմ՝ հաշվի առնելով նաև բանակցելու պատրաստակամություն հայտնած Իրանի պաշտոնյաների ազդանշանները։ ԱՄՆ-ը, կարծես, ընդունել է այդ ազդանշանը՝ հասկացնելով, որ եթե Իրանը չընդունի պայմանները, տնտեսական ճնշում կգործադրվի։ Իսկ եթե դա չստացվի, ապա ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը չի վերացել»,- ընդգծել է Մելքոնյանը։
Նա նաև նշել է, որ Իսրայելի իշխանություններն իրենք, չկարողանալով ամբողջությամբ լուծել ՀԱՄԱՍ-ի հարցը, որոշել են այն պատվիրակել Միացյալ Նահանգներին, որպեսզի դա անեն փափուկ ուժի կիրառմամբ։