Այրվածքներ ստացած Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Մարտունիում եկեղեցու հարևանությամբ պայթյունից այրվածքներ ստացած Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։
«Վիճակը բավականին լավ է, բուժումը շարունակում է բաժանմունքում, ամեն ինչ գնում է դրական դինամիկայով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Տեր Գևորգի կյանքին սպառնացող վտանգ չկա։
«Գտնվում է բժիշկների հսկողության տակ, բուժումը կարող է դեռ 10 օր էլ շարունակվել, բայց վտանգավոր փուլը, կարծես թե, անցել ենք»,- նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` փետրվարի 15-ին պայթյուն էր տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։ Պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն, ապա՝ Երևան։
Վնասվել են հովվատան մուտքի դուռը, պատուհանի ապակին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։