Անբարոյականություն է. Քոչարյանը` Արցախի հաձնումը Սամվել Շահրամանյանի վրա «բարդելու» մասին
Շահարկումները, թե Սամվել Շահրամանյանն է հանձնել Արցախը, անբարոյականություն են։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները մշտապես Արցախը հանձնելու մեղադրանքներին ի պատասխան շահարկում են բռնագաղթից ընդամենը մի քանի օր առաջ Արցախում տեղի ունեցած նախագահի փոփոխությունը և դա համարում հեղաշրջում։
Քոչարյանը շեշտեց, որ Արցախի շրջափակման ընթացքում ինքը մշտական կապի մեջ է եղել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, խոսել են գրեթե ամեն օր, իսկ վերջին մեկ շաբաթը` նույնիսկ օրական մի քանի անգամ։
Ընդգծեց` Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Արցախի անկումից մոտ 3 ամիս առաջվանից, իսկ վերջին շաբաթն արդեն 3-րդ փորձն էր, ու այս անգամ` վերջնական։ Հարությունյանն իր հրաժարականը հիմնավորել է այն հանգամանքով, որ այլևս ազդեցություն չունի, իր խոսքը տեղ չի հասնում և խնդիր կա։ Բակո Սահակյանը մի քանի անգամ համոզել է, որպեսզի նման քայլի չդիմի, բայց ապարդյուն։
«Վերջին անգամ ուղղակի ասել է, որ հրաժարական է տալու, ու դա չի քննարկվում։ Ուղղակի խնդրել է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի հասկանան, թե ով կարող է իշխանություն ստանձնել։ Ինքն անձամբ առնվազն 3 հոգու հետ խոսել է այդ թեմայով ու Սամվել Շահրամանյանը միակը չէր։ Չեմ ուզում հիմա անուններ տալ։ Արայիկ Հարությունյանն այդ մասին ասել է նաև Նիկոլ Փաշինյանին, ու նրա հետ բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել։ Ինքը շատ լավ գիտեր, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Ի՞նչ հեղաշրջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այսօր շահարկել այդ ամեն ինչը, անբարոյականություն է»,– ասաց Քոչարյանը։
Քոչարյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ իրեն պարբերաբար հարցրել են, թե ինչու է շնորհավորել Շահրամանյանին։ Ընդգծեց` ինքն առհասարակ մինչ այդ պահը չի ճանաչել վերջինին ու իրեն ուղղակի խնդրել են շնորհավորել, քանի որ հնարավոր է` այդ քայլն օգնի, որպեսզի Շահրամանյանը նախագահի պարտականություններն ավելի վստահ կատարի։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, ինչին հաջորդեց Արցախի հայաթափումը։
Sputnik Արմենիա