«Հետ բերեք մեր ղեկավարին». Ողջաբերդի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը. բողոքի ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ողջաբերդի բնակիչներն այսօր՝ փետրվարի 24-ին, փակել են գյուղի ճանապարհը: Նրանք պահանջում են հետ վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին:

 


 «Մենք ունեցել ենք վարչական ղեկավար՝ Աշոտ Մուշեղյանը, որն աշխատել է 2 տարի և գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ: Նա այդ երկու տրում ամբողջ գյուղն ասֆալտապատել է, լուսավորել է, գերեզմանները ցանկապատել է, դաշտ իջնող ճանապարհը ուղղել է: Ամեն ինչ արվել է այս երկու տարվա մեջ:

Աշոտ Մուշեղյանը դեմ էր այս ակցիային, բայց մենք համախմբվել ենք և ուզում ենք հետ բերել իրեն: Մարզպետը մեզ խոստացավ, որ հարցերը կարգավորեն, նորից կվերականգնեն Աշոտին, մարդն իր հարցերը կարգավորեց, արարացրեցին իրեն: Հիմա մարզպետը պատճառաբանում է, որ իր հետ չի կարող աշխատել և նախկին ղեկավարի տղուն է բերել նշանակել:

8 ամիս մենք չենք ունեցել վարչական ղեկավար: Այդ 8 ամսվա ընթացքում օտարվել են հողեր, որից գյուղացիները տեղյակ չեն եղել: Դրանք գյուղնշանակությն հողեր են եղել, որոնցից գյուղացիները օգտվել են: Մեր գյուղը թալանում են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանները փորձում են բացել ճանապարհը՝ նշելով, որ մարդիկ շտապում են. «Թողեք ճանապարհը բացենք, հետո ձեզ կլսենք և ձեզ հետ միասին ձեր ձայնը կբարձրացնենք այնտեղ, որտեղ պետք է»:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ 10 րոպեով փակում են ճանապարհը, ապա կբացեն:

News.am