Միրզոյանն ու Իրանի արտգործնախարարը հանդիպել են Ժնևում. ի՞նչ հարցեր են քննարկել
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին, տարածաշրջանային զարգացումները քննարկել են Ժնևում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարների հանդիպումը կայացել է այսօր Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակում:
«Միրզոյանը և Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների կողմերի միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտային ուղղություններով իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։
Պաշտոնյաները քննարկել են նաև տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունները։
Ըստ գերատեսչության` հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման վրա։
Հիշեցնենք` ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը փետրվարի 24-25-ը աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում, կմասնակցի ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Sputnik Արմենիա