The Lancet․ ՄԻՆՉԵՎ ԴԱՐԻ ԿԵՍԵՐԸ ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50%-Ը ԿՈՒՆԵՆԱ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ
Հիվանդությունների գլոբալ բեռի հետազոտության գիտնականների միջազգային խումբը եզրակացրել է, որ մինչև 2050 թվականը աշխարհի չափահաս բնակչության կեսից ավելին (3,8 միլիարդ մարդ) և երեխաների և դեռահասների մեկ երրորդը (746 միլիոն մարդ) կլինեն ավելորդ քաշ կամ կտառապեն ճարպակալումից: Դա աննախադեպ վտանգ կստեղծի հանրային առողջության համար՝ մեծացնելով վաղաժամ հիվանդության և մահվան վտանգն ամբողջ աշխարհում: Զեկույցը հրապարակվել է The Lancet բժշկագիտական հանդեսում։
Ինչպես ցույց է տվել տվյալների վերլուծությունը, վերջին երեք տասնամյակների ընթացքում ավելորդ քաշից և ճարպակալումից տառապող չափահասների թիվը 1990 թվականի 731 միլիոնից 2021 թվականին հասել է 2,11 միլիարդի: Երեխաների և դեռահասների շրջանում այդ ցուցանիշը նույն ժամանակահատվածում 198 միլիոնից աճել է, հասնելով 493 միլիոնի:
Կանխատեսվում է, որ ճարպակալումից տառապող երիտասարդների թիվը մինչև 2050 թվականը կհասնի 360 միլիոնի, ինչը 2021 թվականի համեմատ ավելանում է 121 %-ով:
2021 թվականին աշխարհի չափահաս բնակչության գրեթե կեսը (1 միլիարդ տղամարդ և 1,11 միլիարդ կին) տառապում էր ավելորդ քաշից կամ ճարպակալումից: Մինչև 2050 թվականը տղամարդկանց և կանանց համար այս ցուցանիշը կհասնի 60%-ի:
1990 թվականից ի վեր ճարպակալումից տառապող երիտասարդների թիվը եռապատկվել է՝ հասնելով 174 միլիոնի 2021 թվականին։ Սպասվում է, որ այս ցուցանիշը կշարունակի աճել մինչև 2050 թվականը, մասնավորապես Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում:
Ճարպակալման ամենաբարձր մակարդակը հանդիպում է Օվկիանիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Օրինակ՝ Նաուրուում և Տոնգայում չափահաս կանանց ավելի քան 70%-ը տառապում է ճարպակալումից: ԱՄՆ-ում ճարպակալումից է տառապում տղամարդկանց մոտ 42%-ը և կանանց 46%-ը:
Հետազոտության հեղինակները գիրության աճը կապում են առողջապահական քաղաքականության գլոբալ ձախողումների և արդյունավետ կանխարգելիչ միջոցների բացակայության հետ: Ճարպակալումը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, հիպերտոնիայի և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը: Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ Ճարպակալումն այժմ զարգանում է ավելի վաղ տարիքում, ինչը վատթարացնում է առողջության երկարաժամկետ հետևանքները:
Հետազոտողները շտապ միջոցներ ձեռնարկելու կոչ են անում՝ կանխելու համար Ճարպակալման գլոբալ համաճարակը: