Պուտին․ Ռուսաստանը պաշտպանում է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկը, բայց կան հարցեր

Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության և վերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որ հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի այս ճգնաժամի սկզբնապատճառները»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Պուտինի խոսքերը։

Նա ասել է, որ հրադադարի հետ կապված հարցեր կան, որոնք ռուսական կողմը պետք է քննարկի Վաշինգտոնի հետ։

«Գաղափարն ինքնին ճիշտ է, և մենք, իհարկե, սատարում ենք դրան: Բայց կան հարցեր, որոնք պետք է քննարկենք։ Եվ ես կարծում եմ, որ պետք է խոսենք նաև մեր ամերիկացի գործընկերների հետ։ Միգուցե ես զանգահարեմ նախագահ Թրամփին»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ ռուսական կողմը կբանակցի հակամարտությունը դադարեցնելու և բոլորի համար ընդունելի համաձայնությունների ձեռքբերման հետագա քայլերի մասին՝ «ելնելով, թե ինչպես կզարգանա իրավիճակը տեղում»։

Պուտինը նաև հարցրել է, թե Ուկրաինայում 30-օրյա հրադադարի դեպքում ո՞վ է հրաման տալու դադարեցնել ռազմական գործողությունները։

«Իսկ ո՞րն է այդ հրամանների գինը։ Պատկերացնու՞մ եք՝ գրեթե երկու հազար կիլոմետր։ Ո՞վ է որոշելու, թե որտե՞ղ և ո՞վ է խախտել երկու հազար կիլոմետր հեռավորության վրա զինադադարի հնարավոր պայմանավորվածությունը։ Եվ հետո, ո՞վ ում է մեղադրելու այս պայմանագիրը խախտելու համար։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք պահանջում են քրտնաջան հետազոտություններ երկու կողմից»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։

Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը:

Armenia Today