«Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ՝ անձրևի տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 19-ին, անձրևի տակ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանք նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել և բնակարաններով ապահովել:
Նրանք նշեցին, որ քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:
Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա շենքի բնակիչներից Լիանա Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Երբ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ եկավ շենք, ես իրեն շատ հստակ ասել եմ, որ շատ հետևողական ենք լինելու բոլոր նիստերին: Երեկ ավագանու նիստ էր, մենք նայել ենք, 68ա շենքի բնակիչներին իրավիճակը չի գոհացրել: մենք խնդրում ենք, որ հենց հիմա նա իջնի ներքև, միասին գնանք շենք: Արդեն անձրևները սկսվել են, պատկերացրեք՝ մեր շենքում ինչ կաթոցներ կան, կոյուղաջրերը լցվում են տները: Մեր խնդրանքը, պահանջը, հորդորը՝ թող իջնի ներքև, հասկանանք, թե ինչ եղանակներով, ինչ տարբերակներով են մեր հարցին լուծում տալիս»: