ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանին․ Հայաստանն իրադրությունն էսկալացնելու նպատակ չունի

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարության մեջ՝ ի պատասխան «Արմենպրես»–ի հարցին այն մասին, թե ինչ հիմքեր կան Երևանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ–ի մեղադրանքների համար։

«ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ», – նշել է Բադալյանը։

Մարտի 16–ից 19–ն ընկած ժամանակահատվածում սա Ադրբեջանի արդեն 9–րդ ապատեղեկատվությունն է։

Բադալյանը հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։

«Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թ հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին», – ավելացրել է նա։

Նովոստի–Արմենիա